Դիաբետ ունեցողների հիմնական սխալներն՝ ըստ էնդոկրինոլոգի
Նոյեմբերի 14-ը շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Շաքարային դիաբետը ոչ վարակիչ հիվանդություն է և համարվում է 21-րդ դարի գլոբալ համաճարակ` հաշվի առնելով հիվանդության տարածվածությունն աշխարհում։ Այն ախտահարում է բնակչության գրեթե բոլոր տարիքային խմբերին, դառնալով աշխարհի բնակչության առողջության ամենահիմնական սպառնալիքներից մեկը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ աշխարհում մոտ 422 մլն մարդ ապրում է դիաբետով:
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Գոհար Երիցյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է պրակտիկայում ամենից շատ հանդիպող սխալներին, շաքարային դիաբետի հետ կապված թյուր պատկերացումներին:
- Նախ կցանկանայի անդրադառնայիք սննդին, ինչ սխալներ են այստեղ գործում շաքարային դիաբետ ունեցողները, ինչ պետք է անեն և ինչ չպետք է անեն:
- 2-րդ տիպի շաքարային դիաբետը քրոնիկական հիվանդություն է, որի հիմնական պատճառը մետաբոլիզմի խանգարումն է։ Այն ունենում է նախադիաբետային շրջան, որն արտահայտվում է ինսուլինային ռեզիստենտականությամբ։ Հիմնական սխալները սկսվում են հենց այդ շրջանից, որն արտահայտվում է ավելորդ քաշի առկայությամբ ընդուպ մինչև ճարպակալում՝ տարբեր աստիճանների, սննդակարգի ոչ ճիշտ կազմակերպում, հիպոդինամիան, գենետիկ նախատրամադրվածությունը։
Այս բոլորը պատճառ են դառնում ինսուլինային ռեզիստենտականության զարգացման, որն էլ հանգեցնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետ հիվանդության զարգացմանը։ Շաքարային դիաբետի բուժման մեջ հիմնական շեշտը դրվում է առաջին հերթին ճիշտ սննդակարգի, երկրորդ տեղում՝ ֆիզիկական ծանրաբեռնվածության վրա, և հետո՝ դեղորայքային բուժման։
Հիվանդների հիմնական սխալներից մեկը սննդային ոչ ճիշտ ռեժիմն է՝ սննդի ընդունման հաճախականությունը և ժամերը։ Պետք է սնվել օրական մինիմում 3 անգամ, բաշխելով սպիտակուցային, ածխաջրատային, ճարպային սնունդը հավասարաչափ նախաճաշին, ճաշին և ընթրիքին։ Հիվանդների հիմնական սխալն այն է, որ ածխաջրատների հիմնական չափաբաժինը օգտագործում են նախաճաշի ժամանակ, որը բերում է գլյուկոզայի կայուն բարձրացման ամբողջ օրվա ընթացքում։
Հիվանդների շրջանում թյուր կարծիք կա, որ մսամթերքը, ինչպես նաև կծու, թթու, աղի սնունդը բերում է գլյուկոզայի բարձրացմանը, սակայն դրանք չեն արգելվում, եթե չկան ուղեկցող հակացուցող պաթոլոգիաներ։
Խորհուրդ է տրվում խիստ սահմանափակել հեշտ յուրացվող ածխաջրերի ընդունումը՝ գազավորված ըմպելիքներ, կոնֆետներ, պաղպաղակ, մեղր և այլն։ Բոլոր մրգերը պարունակում են գլյուկոզա և կարող են հանգեցնել դրա բարձրացմանը, հետևաբար, պետք է ուտել օրվա առաջին կեսին և քիչ քանակությամբ։
Ի վերջո, սննդակարգին խիստ չհետևող հիվանդները պետք է սննդակարգում արգելված սննդամթերքները օգտագործեն քիչ քանակությամբ։
- Խոսենք կենսակերպի մասին։ Ո՞րն է ամենից հաճախ հանդիպող սխալը:
- Շաքարային դիաբետը դատավճիռ չէ։ Հիվանդների հիմնական սխալներից է հիվանդության սխալ ընկալումը, որը բերում է դեպրեսիայի և կյանքի նկատմամբ մոտիվացիայի նվազմանը։ Կենսակերպի հիմնական սխալներից է հիպոդինամիան։ Խորհուրդ է տրվում ակտիվ ֆիզիկական ծանրաբեռնվածություն առնվազն շաբաթական 3 անգամ 20 րոպե՝ արագ քայքի, լողի, ֆիզիկական աշխատանքի ձևով։
- Ինչ կասեք բուժման մեթոդների սխալների մասին, գուցե կան հնացած մեթոդներ, որոնք այսօր բժշկությունը մերժում է, բայց մարդիկ դրանք օգտագործում՝ մասնավորապես զբաղվում ինքնաբուժությամբ:
- Հիմնական սխալներից է ժամանակին բժշկին չդիմելը, և դեղերի ընդունումն առանց բժշկի նշանակման՝ հարևանների, բարեկամների խորհրդով, կամ արտերկրից ուղարկված տարբեր դեղերի ընդունման ձևով։
Նոր հայտնաբերված շաքարային դիաբետի բուժումը սկսվում է մեկ դեղով, իսկ հետո գլյուկոզայի չկարգավորման դեպքում ավելացվում է երկրորդ պրեպարատ, հետագա տարիներն անհրաժեշտության դեպքում կարող է ավելացվել ինսուլինաթերապիա։
Դեղորայքի ընդունումը չպետք է նպաստի քաշի ավելացմանը։ 2-րդ տիպի շաքարային դիաբետի բուժման նորագույն մեթոդների կիրառումը ուղղված է մետաբոլիզմի կարգավորմանը և գլյուկագոնի ազդեցության ընկճմանը, որոնք բերում են քաշի նվազման։ Այդ խմբի դեղերի են պատկանում ԴՊՊ-4-ինհիբիտորները, SGLT-2 ինհիբիտորները, ԳՊՊ-1 ագոնիստները։
Հիվանդների սխալներից է ինսուլինաթերապիայի նկատմամբ վախը և դրանից հրաժարվելն՝ ըստ ցուցման նշանակման դեպքում։ Այլ կարևոր սխալներից է գլյուկոզայի նորմալ թվերի մակարդակում դեղերի դադարեցումը։ Պետք է նույն ձևով շարունակել։
Հիպոգլիկեմիայի ժամանակ հիվանդները օգտագործում են մեծ քանակով շուտ յուրացվող ածխաջրատներ, որը բերում է գլյուկոզայի կտրուկ բարձրացման, ուստի խորհուրդ է տրվում տվյալ դեպքում ընդունել ածխաջրատներ չափավոր քանակությամբ և ինքնազգացողության լավացման դեպքում դադարեցնել դրանց ընդունումը։
- Եվ վերջում, Ձեր խորհուրդը շաքարային դիաբետ ունեցողներին և չունեցողներին, որպեսզի չհամալրեն առաջինների շարքը:
- Քանի որ 2-րդ տիպի շաքարային դիաբետին նախորդում է պրեդիաբետը, հատկապես՝ ավելորդ քաշ ունեցողները, պետք է դիմեն բժշկի, նյութափոխանակությունը կարգավորելու նպատակով։ Իսկ շաքարային դիաբետ ունեցող հիվանդները բացի հիմնական բուժումից, տարին 1 անգամ պետք է հետազոտվեն սրտաբանի, ակնաբույժի, նյարդաբանի կողմից, նույնիսկ առանց գանգատների առկայության։
Հարակից հրապարակումներ`
- Բաց մի՛ թողեք «ոսկե ժամանակը»․ Տիգրան Բյուզանդյան
- Քաղցկեղը հաղթահարածները պետք է խոսեն այդ մասին, որ մարդիկ հավատան՝ քաղցկեղը դատավճիռ չէ. ուռուցքաբան
- Անկախ նրանից՝ քիթը որքան գեղեցիկ է ստացվել, ամեն ինչ զրոյանում է, եթե այդ քիթը չի շնչում. վիրաբույժ
- Հարթաթաթություն` ոտնաթաթի դեֆորմացիա. ինչպե՞ս իմանալ, որ երեխան խնդիր ունի
- Ինչպես են ականջակալներն ազդում լսողության վրա. մասնագետի խորհուրդները