Անդրանիկ Քոչարյանի՝ բանակը որպես պատժամիջոց օգտագործելու հայտարարություններին պետք է պատասխանի ԳՇ-ն, ժողովուրդը
ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանի, Անդրանիկ Քոչարյանի՝ բանակը որպես պատժամիջոց օգտագործելու հրապարակային հայտարարություններին պետք է պատասխանեն բանակի ներկայացուցիչները, ժողովուրդը։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Այս հայտարարություններին պետք է պատասխանի Գլխավոր շտաբը, որ կոչված է լինելու ապաքաղաքական, և ամենակարևորը՝ ժողովուրդը, այն մարդիկ, ում տղաների անձնազոհ ծառայության շնորհիվ հնարավորություն ունեմ կանգնել այստեղ։
Այդ սրբազան պարտքը ներկայացնել որպես պատժի միջոց՝ նույնիսկ ՔՊ-ի համար է մի քիչ շատ»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Այսպես նա պատասխանեց լրագրողի հարցին՝ արդյո՞ք պետք է լուրջ վերաբերվել Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, որը, կարծեք, թե բանակը պատժի միջոց է սարքում։ Մասնավորապես, այսօր ՔՊ-ական պատգամավորն ԱԺ ամբիոնից ասել էր. «Երեկ Ազգային ժողովի միջանցքում պաշտպանության նախարարի դիմաց տեսա չինական պատ, օպերատորները շարվել էին, բոլորն արգելափակել էին։ Ես հետևից փորձում էի անհաջող գործողություններ, որպեսզի այդ պաշտպանությունը ճեղքենք, բայց նախարարը ոնց որ թե հաջողությամբ եկավ 414 սենյակ և սկսեցինք քննարկումը։
25-օրյա ուսումնական հավաքներին մասնակից են դառնալու բոլորը, այդ բոլորի մեջ արդեն այդ չինական պատերը կվերանան»։