Պատանի շախմատիստները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Թուրքիայում անցկացված ԵԱ-ում
Անթալիայում ավարտվել է տարիքային 6 խմբով անցկացված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը վաստակած 6,5 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը և արժանացել բրոնզե մեդալին: 7,5 միավորով Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Ռուսաստանը ներկայացնող հայ շախմատիստ Ռուդիկ Մակարյանը:
Մինչև 16 տարեկան պատանիների մրցաշարում ՀՀ ներկայացուցիչ Էմին Օհանյանը 7 միավորով դարձյալ երրորդ տեղն է զբաղեցրել՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին: Ոսկե մեդալի արժանացած ֆրանսիացի շախմատիստին նա զիջել է ընդամենը կես միավորով:
Մինչև 14 տարեկան պատանիների մրցաշարում բրոնզե մեդալին արժանացել է Բենիկ Աղասարովը:
Մ18 տարեկան աղջիկների մրցաշարում Եվրոպայի չեմպիոնի կոչումն ավելի վաղ նվաճել էր աշխարհի Մ18 տարեկանների և Հայաստանի գործող չեմպիոն Մարիամ Մկրտչյանը:
Նախավերջին՝ 8-րդ տուրում, Մկրտչյանն առավելության էր հասել իռլանդացի Տրիշա Կանյամարալայի նկատմամբ և ժամանակից շուտ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Վերջին տուրում Մկրտչյանն առավելության է հասել ռուսաստանցի Ալիսա Նուր-Մուխամետովայի նկատմամբ և առաջնությունն ավարտել՝ վաստակելով 9 հնարավորից 8,5 միավոր:
Մարիամ Մկրտչյանն այս տարի` ավելի վաղ, նվաճել էր նաև աշխարհի Մ18 տարեկանների չեմպիոնի կոչումը՝ հաղթելով բոլոր 11 պարտիաներում։
Հարակից հրապարակումներ`
- Մարիամ Մկրտչյանը՝ շախմատի Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոն
- Հայ շախմատիստները կմասնակցեն Անթալիայում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությունը