Երկու լեգենդ կհանդիպեն երևանյան բեմում
Երկու լեգենդար երաժիշտներ՝ դաշնակահար Միխայիլ Պլետնյովը և դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևը հանդես կգան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան):
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից հայտնում են՝ համերգը տեղի կունենա նոյեմբերի 17-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:
Երաժշտագետները հաճախ են նշում, որ Միխայիլ Պլետնյովը ոչ միայն փայլուն դաշնակահար է, հրաշալի դիրիժոր, այլև հիանալի կոմպոզիտոր, առհասարակ մի այնպիսի արվեստագետ, որը չի ենթարկվում ավանդական դասակարգումների: Նա բազմաթիվ հեղինակավոր մրցույթների՝ այդ թվում Չայկովսկու անվան միջազգային մրցույթի և «Գրեմմի»-ի գլխավոր մրցանակակիր է, ելույթներ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում և ամենահայտնի նվագախմբերի հետ: Երաժշտաքննադատները նրան համարում են «կատարողական արվեստի մեջ մրցակցությունից դուրս» դաշնակահար: BBC-ի երաժշտական մեկնաբաններից մեկը գրում է, որ միայն Սկարլատիի դաշնամուրային սոնատի կատարումը նրան դասում է աշխարհի մեծագույն դաշնակահարների թվին:
Դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է, Պ.Ի.Չայկովսկու անվան պետական ակադեմիական մեծ սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը (1974 թ.-ից), եղել է նաև Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը (1997–2006 թթ.), Ցյուրիխի օպերայի մշտական հրավիրյալ դիրիժորը (1997 թ.-ից), Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին հրավիրյալ դիրիժորը (2000 թ-ից), Բավարիայի ռադիոյի սիմֆոնիկ (Մյունխեն), Ֆրանսիայի ռադիոյի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերի (Փարիզ) հրավիրյալ դիրիժորը:
Երևանյան համերգի ծրագրում կհնչի Չայկովսկու Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը և Սիմֆոնիա թիվ 5-ը: Չայկովսկու գրած երեք դաշնամուրային կոնցերտներից Առաջինն իրավամբ արժանացել է մեծ ճանաչման և սիրվել է շնորհիվ երաժշտության քնարական ոգեշնչման, գույների զարմանալի հարստության և առատ մեղեդայնության շնորհիվ: Դաշնամուրային պարտիայի վիրտուոզ-տեխնիկական տարրերն ամբողջությամբ ենթարկվում են բովանդակության մտահղացման բացահայտմանը, որը ոչ թե արտաքին հանդերձանք է, այլ «ստեղծագործության մարմինը» (Ասաֆև), նրա կենդանի մարմինը, որն անդադար շնչում է՝ սրտի տագնապալի թրթիռով:
Չայկովսկին իր 5-րդ սիմֆոնիան գրել է 4-րդ սիմֆոնիայից մոտ տասնմեկ տարի անց: Նրան տանջում էին կասկածները. արդյո՞ք չի սպառվել իր երևակայությունը, արդյո՞ք դեռ կարող է մեծ կտավի սիմֆոնիկ ստեղծագործություններ գրել: 5-րդ սիմֆոնիայով Չայկովսկին ապացուցեց իրեն և բոլորին, որ իրավամբ հանդիսանում է 19-րդ դարի և առհասարակ երաժշտության պատմության մեջ լավագույն սիմֆոնիստներից մեկը: Ողջ 5-րդ սիմֆոնիայի ընթացքում երևում է, թե ինչպես է կոմպոզիտորը, անցնելով կասկածների, հոգեկան տարաձայնությունների և զգացմունքների շփոթի միջով, հաղթահարում ներքին պայքարի դժվարին ճանապարհը և հասնում տրիումֆալ հաղթանակի:
Համերգը տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և “Primavera Foundation”-ի համագործակցությամբ: “Primavera Foundation”-ի գործունեությունն ուղղված է Հայաստանի և այլ երկրների միջև մշակութային կամուրջներ ստեղծելուն, հայկական մշակութային ժառանգությունը միջազգային ասպարեզում բարձր մակարդակով ներկայացնելուն և երիտասարդ հայ երաժիշտներին աջակցելու ու կրթական գործունեությունը զարգացնելու ուղղությամբ: