1200 բեռնատար այս պահին կանգնած է Թբիլիսիի մատույցներում՝ 5-6 կմ. հերթում. Պատգամավոր
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ԱԺ հայտարարությունների ժամին ասաց, որ բեռնափոխադրող հազարավոր հայրենակիցներ այս պահին շատ դժվար վիճակում են հայտնվել։
«Շուրջ 1200 բեռնատար այս պահին 5-6 կիլոմետրանոց հերթում արդեն տևական ժամանակ կանգնած են Թբիլիսիի մատույցներում, որոնց թույլ չեն տալիս շարունակել երթևեկը դեպի Վրաստան, Վերին Լարս և հետագա ժամանման վայր։ Բացակայում են տարրական կենցաղային պայմանները, թույլ չի տրվում բեռնատարներին վերադառնալ անգամ Հայաստան»,- ասաց նա։
Գառնիկ Դանիելյանի խոսքով, ամենօրյա ռեժիմով կապի մեջ է վարորդների հետ։
«Այդ արգելքի պատճառով փչանալու վտանգի առաջ են մեր տասնյակ հազարավոր գյուղացիների քրտինքով մշակված գյուղմթերքը, այլ ապրանքներ, տապալման վտանգի առաջ են բազմաթիվ միջազգային առևտրային պայմանագրեր, ինչն էլ ավելի բացասական հետևանքներ է ունենալու հայ ձեռներեցների և արտադրողների համար»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա նշեց, որ արդեն երկու օր է չի կարողանում որևէ հանգամանալից բացատրություն ստանալ ոլորտի ենթադրյալ պատասխանատու էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից, նրա հետ անգամ կապնվել չի հաջողվում։ Մինչդեռ, նրա խոսքով, իշխանությունը, կառավարությունը հենց դրա համար է, որ կարողանա լուծել իր քաղաքացիների հարցերը, նաև արտաքին ճակատում կարողանա խնդիրներ կարգավորել։
«Հակառակ դեպքում ստացվում է ուղղակի մի խայտառակ վիճակ՝ իշխանությունները հայտարարում են, թե անկարող են բոլոր հարցերում՝ զենքի գնումից, սեփական երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելուց մինչև հայ գյուղացու, բեռնափոխադրողի, արտադրողի տարրական շահերը պաշտպանելուց։
Կարելի է ամեն օր մանիպուլացնել սեփական հասարակությունը, հայտարարել տարածաշրջանում կոմունիկացիաները բացելու մասին, բայց եղածն անգամ չեն կարողանում ապահովել։
Բա ինչ եք կարողանում անել»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գ.Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վերին Լարսով սնունդը պետք է անցնի առաջնահերթ.Խաչատուր Սուքիասյան
- Լարսին այլընտրանք կա, անող չկա
- Լարսում՝ խնդիրներ. հայկական բեռնատարները փչացած ապրանքով վերադառնում են Հայաստան
- Լարսում օրեր շարունակ մնալու հետևանքով արտահանողները տոննաներով վարունգը թափել են աղբանոց
- Վերին Լարսով դեպի Վրաստան տանող ճանապարհի երթևեկությունը սահմանափակվել է
- Անկեղծ եմ ասում՝ ինձ համար հաճելի չէ այս կարգի Էկոնոմիկայի նախարարի հետ զրույց ունենալ. Սուքիասյանը՝ Քերոբյանին
- Քերոբյան. Լարսի անցակետում հերթերի պատճառով հայ արտահանողները մեծ վնասներ են կրում