Եվս մեկ անգամ փաստում ենք՝ ՀՀ գործող իշխանությունը շարունակում է խուսափել օգտագործել «Արցախի Հանրապետություն». Արծվիկ Մինասյան
Ազգային ժողովում կառավարության կողմից ներկայացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը՝ կից հայտարարությամբ վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ ԱԺ ներկայացված փաթեթում տեղեկանքների մասում դրված է հայտարարության մի նախագիծ, որը չի համապատասխանում կառավարության հաստատած տարբերակին։
Նա ներկայացրեց տարբերությունները. «Կառավարության 2022 թ հոկտեմբերի 20-ի որոշման հավելվածում գրված է՝ «Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունը պարունակում է առարկայազուրկ և անհիմն մեղադրանքներ ուղղված Հայաստանի Հանրապետությանը և խեղաթյուրում է ԼՂ հակամարտության էությունը, որը հրահրվել ու շարունակվել է Ադրբեջանի կողմից ԼՂ ժողովրդի մարդու իրավունքների և ինքնորոշման համար խաղաղ պահանջներին ի պատասխան ուժի կիրառման պատճառով։
ԱԺ-ում ներկայացված տեղեկանքների բաժնում հայտարարության տեքստում Լեռնային Ղարաբաղ բառից հետո օգտագործվել է Արցախի Հանրապետություն բառակապակցությունը, որը խիստ խրախուսելի է և մեր առաջարկն է, բայց անորոշություն է ձևավորված, թե հայտարարության ո՞ր տեքստն է քվեարկվում»։
Նա խմբակցության անունից 20 րոպե ընդմիջում առաջարկեց՝ այս հարցը հստակեցնելու համար։
Ընդմիջումից հետո Ալեն Սիմոնյանն ասաց, որ քվեարկում են այն տարբերակը, որը որ կառավարությունից եկել է՝ բովանդակային քննարկման մեջ չմտնելով։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը՝ կից հայտարարությամբ վավերացնելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց 63 կողմ, 26 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Դեմ էին քվեարկել ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբացությունները։
«Մեր քվեարկությունը ոչ թե կամընտիր արձանագրության վերաբերյալ էր վերաբերմունք, այլ կառավարության դիրքորոշման, որովհետև շատ լավ հնարավորություն ու առիթ էր հատկապես Ադրբեջանի կողմից իր սանձարձակ պահվածքին նաև նման հայտարարությամբ համարժեք արձագանք տալու տեսակետից։ Եվս մեկ անգամ փաստում ենք, որ ՀՀ գործող իշխանությունը շարունակում է խուսափողական վարքագիծը Արցախի Հանրապետության բառակապակցությունն օգտագործելու ուղղությամբ»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան