«Ժողովուրդ». Կասկածներ կան, որ մամուլին գաղտնի տեղեկություններ է տվել՝ մի կերպ ՔՊ վարչության անդամ դարձած պատգամավոր Արսեն Թորոսյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կեղծված ընտրությունները պատգամավորների համար են դարձել: «Ժողովուրդ» օրաթերթն իր լավատեղյակ աղբյուրներից պարզեց, որ օրերս ԱԺ ՔՊ-ական պատգամավորներից մեկը ՀՀ ոստիկանությունում դիմում է գրել՝ խնդրելով ուժային այդ կառույցից պարզել, թե ով է մամուլում հայտնված հրապարակումների աղբյուրը:
Կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի, այսպես ասած, 6-րդ վարչությանը տրված դիմումում, իհարկե, անուններ չեն գրվել, սակայն, նշվել է, որ անհրաժեշտ է շտապ պարզել, թե ՔՊ վարչության կեղծված ընտրությունների թեման ինչպես է հայտնվել մամուլում: Իսկ արդեն մտերմիկ զրույցի ժամանակ, ՔՊ պատգամավորը, նրան ուղեկցողները ոստիկանության աշխատակիցներին հայտնել են, թե իրենք կասկածներ ունեն, որ մամուլին գաղտնի տեղեկություններ է տվել՝ մի կերպ ՔՊ վարչության անդամ դարձած պատգամավոր Արսեն Թորոսյանը:
Ասել է թե՝ տխրահռչակ նախարար Արսեն Թորոսյանն է լրագրողների նյութի գաղտնի աղբյուրը: Եվ հիմա ՀՀ ոստիկանության նախկին 6-րդ վարչության աշխատակիցները լրատվամիջոցների աղբյուրներին են փնտրում: Առաջիկայում «Ժողովուրդ» օրաթերթը կհրապարակի, թե ով է հաղորդում տվող պատգամավորը և որ լրատվամիջոցների անուններն է տվել դիմումի մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին կայացած ՔՊ վարչության ընտրություններն անցել են խայտառակ ընտրակեղծիքներով: Սա արել են այն մարդիկ և այն քաղաքական լիդերը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որ իշխանության եկան ընտրակեղծիքները մերժելով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում