Նոյեմբերի 16-ը Սամբոյի միջազգային օրն է
1938թ. նոյեմբերի 16-ը համարվում է սամբոյի ծննդյան պաշտոնական ամսաթիվը:
Մարզաձևը համարվում է ռուսական (самбо - самозащита без оружия, ինքնապաշտպանություն՝ առանց զենքի):
ՀԱՈԿ-ի փոխանցմամբ՝ մեծացել, ծավալվել է մարզաձևի աշխարհագրությունը: 2021թ. հուլիսի 20-ին, ՄՕԿ - ը իր 138-րդ նստաշրջանում լիարժեք ճանաչել է սամբո ըմբշամարտը: Նշանակում է՝ այս մարզաձևը պաշտոնապես հավակնում է օլիմպիական խաղերի ծրագրում հիմնական գրանցում ստանալուն:
Սամբոյի մրցակարգին, տեխնիկական հնարքների հարստությանը, մարզահագուստին և այլ մանրամասների մասին լավատեղյակ են մարզասերները, ուստի նպատակահարմար է ընթերցողներին ներկայացնել մարզաձևի հայրենական դպրոցը:
Մեզանում այն սկիզբ է առել նախորդ դարի 50-ականներին: Հիմնադիրներն են եղել Գեորգի Թումանյանը, Վիկտոր Ալիխանյանը, Ալբերտ Բարսեղյանը և Ռոբերտ Գալստյանը:
Գյումրիում սամբիստներ են պատրաստել Արտաշես Մարտիրոսյանը,որը անվանի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի հայրն է, ինչպես նաև՝ Սովետական բանակում մարզաձևի այբուբենը սերտած Ռոբերտ Հովհաննիսյանը և Խանիկ Աղեկյանը, իսկ Վանաձորում ՝ ազատ ըմբշամարտի նվիրյալներ Սարգիս Ավետյանը և հետագայում ՝ Գուրգեն Գևորգյանը:
Հայաստանի սամբիստներից առաջինը աշխարհի չեմպիոն է ճանաչվել անվանի մասնագետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, երևանցի Լևոն Հայրապետյանի աշակերտ Գառնիկ Հովհաննիսյանը / 1981թ. /:
Նման պատվի են արժանացել նաև վանաձորցիներ, աշխարհի հնգակի չեմպիոն Գագիկ Ղազարյանը, եռակի՝ Հովիկ Մանուկյանը, գյումրեցիներ Գուրգեն Թութխալյանը՝ քառակի, Երվանդ Գրիգորյանը՝ կրկնակի, ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը՝ կրկնակի, երևանցիներ Քրիստինե Նաջարյանը՝ կրկնակի, Արևիկ Կարապետյանը . . .
Հայաստանի հավաքականներում տասնյակ հաղթողներ և մրցանակակիրներ ենք ունեցել Եվրոպայի, աշխարհի և ԽՍՀՄ առաջնություններում:
Լավ ավանդույթները շարունակում են նաև մերօրյա մարզիկ-մարզուհիները: Ավելին, այս տարի առաջին անգամ մեր երկիրը դարձավ աշխարհի առաջնության մրցավայր: Երևանի Կարեն Դեմիճյանի անվան ՄՀՀ –ում հոկտեմբերին անցկացվեց պատանեկան և երիտասարդական ստուգատեսը: Մեր 20 ներկայացուցիչներ իրենց արժանի տեղն ունեցան պատվո պատվանդանի վրա: