Տիգրան Աբրահամյան. Զինծառայողների ատեստավորման մասին օրինագիծն ունի բազմաթիվ ռիսկեր
«Զինծառայողների ատեստավորման մասին օրինագիծն ունի բազմաթիվ ռիսկեր»,-ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադառնալով ԱԺ-ում անցած քառօրյայի ընթացքում քննարկված նախագծերին։
Պատգամավորի խոսքով, ռիսկերից մեկը վերաբերում է ատեստավորման չափորոշիչներին, սկզբունքներին, ընթացակարգին։
«Սա կարևոր է, քանի որ այս գործընթացի խափանումը կամ ցանկացած անարդարություն բերելու է ավելի ծանր իրավիճակի զինված ուժերում, քան մենք ունենք»,-ասաց ընդդիմադիր գործիչը։
Աբրահամյանն ասաց, ներկայացրել է ԶՈՒ ԳՇ-ին իր դիտարկումները։
«Նույնիսկ ամենասկզբունքային ու արդարացի մեխանիզմները պետք է ներդրվեն այն ժամանակ, երբ բազային աշխատավարձը հասցված է համապատասխան մակարդակի, մարտական հերթապահության հավելավճարները պետք է լինեն բարձր։ Ինչո՞ւ եմ այդպես ասում, քանի որ պարեկի բազային աշխատավարձը սկսում է 200 հազարից, իսկ զինծառայողինը՝ 120 հազար դրամ»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ ձեռնպահ են քվեարկել օրենքի նախագծին։
Հիշեցնենք, որ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար Կառավարությունն առաջարկում է սահմանել հավելավճար: Սուրեն Պապիկյանն ասել է, որ հավելավճարի հաշվարկումը պայմանավորված կլինի այդ զինծառայողների` ատեստավորում անցնելու հանգամանքով:
Տիգրան Աբրահամյանը, որ եղել է անվտանգության ոլորտի փորձագետ, դիտարկումներ ու մտահոգություններ ունի նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրի վերաբերյալ։ Դրանք էլ ներկայացրել է պաշտպանության նախարարությանը։
«Ծրագրի արդյունավետությունը կախված է նաև այն հանգամանքից, թե պետությունը ինչքանով է թիկունք զինված ուժերին, կարևոր է, թե ինչ վիճակ է ստեղծված ԶՈւ-ում՝ կախված կարգապահությունից, բարոյահոգեբանական վիճակից, առհասարակ մենք ինչքանո՞վ ենք խրախուսում երիտասարդների՝ դեպի զինված ուժեր գնալը»,-ասաց նա։
Պատգամավորի խոսքով, նախագծի հետ կապված խնդիրներ տեսնում է, բայց որպես պայմանագրային զինծառայությանն աջակցող նախագիծ կողմ են քվեարկել դրան։
«Գիտե՞ք մեր խնդիրը որն է։ Քաղաքական իշխանությունը շարունակ խոսում է պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին, դրան գնալու ճանապարհների մասին, բայց այդ մոտեցումը չկա։ Օրինակ, այդ հանձնաժողովում այս նախագիծը քննարկելիս ասվում էր, որ զինծառայողը երեկոյան ժամերին կարող է աշխատանքից տուն վերադառնալ։ Խնդիրը հենց այստեղից է սկսում։ Զինվորական ծառայությունը, առաքելությունը երբ դիտարկվում, ընդունվում է որպես սովորական աշխատանք, ապա դու պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու որևէ շանս չունես»,-նշեց նա։
««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ Սուրեն Պապիկյանն ասել էր.
«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո Կառավարության սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն` ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս` նրանց համար սահմանելով պատվովճար ստանալու իրավունք: Պատվովճարի չափը նախատեսվում է սահմանել 5 միլիոն դրամ, որը տնօրինվելու է ազատորեն»։
Հարակից հրապարակումներ`
- Լրագրողներին այլևս սպառնում են սահման ուղարկել՝ ենթադրելով, որ դա համակենտրոնացման ճամբար է. Մանուկյան
- Պայմանագրային զինծառայողների համար կսահմանվի հավելավճար՝ կամավոր ատեստավորման արդյունքում. Պապիկյան