Լրագրողներին այլևս սպառնում են սահման ուղարկել՝ ենթադրելով, որ դա համակենտրոնացման ճամբար է. Մանուկյան
«Վերջին շրջանում ավելի վառ արտահայտված են դարձել, հատկապես իշխանական պատգամավորների, տարբեր պաշտոնյաների կողմից լրատվամիջոցների, լրագրողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ փոխանցելով իր անհանգստությունը։
Նա նշեց, որ վերջին մի քանի օրերին առավել խայտառակ դրսևորում եղավ, երբ լրագրողներին այլևս սպառնում են սահման ուղարկել՝ ենթադրելով, որ դա համակենտրոնացման ճամբար է։
Գ.Մանուկյանի խոսքով, անհանգստացնող է նաև այն փաստը, որ այս ամենին տարիների շարունակ Հայաստանում խոսքի ազատության, մամուլի իրավունքի պաշտպանության գործում անուրանալի ներդրում ունեցած ՀԿ-ների կողմից որոշակի կրավորական դրսևորում կա։
«Ես որպես լրատվական ոլորտի նախկին աշխատող բոլորին կոչ եմ անում՝ ձեր իրավունքներին մինչև վերջ տեր կանգնենք։ Սա պետք է կասեցվի, հակառակ դեպքում մենք վաղը կտեսնենք շատ ավելի խայտառակ դրսևորումներ»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նշենք, որ նոյեմբերի 15-ին ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ԱԺ ամբիոնից ասել էր. «Երեկ Ազգային ժողովի միջանցքում պաշտպանության նախարարի դիմաց տեսա չինական պատ, օպերատորները շարվել էին, բոլորն արգելափակել էին։ Ես հետևից փորձում էի անհաջող գործողություններ, որպեսզի այդ պաշտպանությունը ճեղքենք, բայց նախարարը ոնց որ թե հաջողությամբ եկավ 414 սենյակ և սկսեցինք քննարկումը։
25-օրյա ուսումնական հավաքներին մասնակից են դառնալու բոլորը, այդ բոլորի մեջ արդեն այդ չինական պատերը կվերանան»։
Հարակից հրապարակումներ`
- «Վաղն ընդդիմադիր թերթերը կգրեն՝ վայ, պարոն Քոչարյանը վախեցրեց, ուսումնական հավաքների են մեզ ուզում տանել»
- Անդրանիկ Քոչարյանի՝ բանակը որպես պատժամիջոց օգտագործելու հայտարարություններին պետք է պատասխանի ԳՇ-ն, ժողովուրդը
- Անդրանիկ Քոչարյանը սպառնում է Աժ-ում օպերատորների «չինական պատը» վերացնել 25-օրյա հավաքներով