Ինդոնեզիան հայտնել է 2036թ. օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստակամության մասին
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտարարել է իր երկրում 2036թ. օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստակամության մասին: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ այդ նպատակով նա նախատեսում է երկրի մայրաքաղաքը Ջակարտայից տեղափոխել նոր կառուցվող Նուսանտարա քաղաք:
Նորակառույցի նախագիծը հայտարարվել է 2019թ.: Կառավարման մարմինների տեղափոխումը կկատարվի փուլերով՝ մինչև 2024թ. ավարտը:
Այս մասին Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտարարել է օրերս իր երկրում անցկացված մեծ քսանյակի / G20/ համաժողովում: Նա ընդգծել է սպորտի կարևոր դերը՝ աշխարհը միավորելու գործում:
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) ղեկավար Թոմաս Բախը, ով նույնպես մասնակցել է նշած համաժողովին, ողջունել է 2036թ. օլիմպիական և պարալիմպիկ խաղերն ընդունելու Ինդոնեզիայի ցանկությունը:
«Ծանոթանալով Նուսանտարայի նախագծին և արդեն իսկ ձեռք բերված առաջընթացին, խորապես տպավորված եմ նախագահ Վիդոդոյի նախաձեռնությամբ: Կառուցվող մայրաքաղաքը, որպես կայուն ապրելակերպի մոդել՝ կնպաստի բնակչության առողջության ամրապնդմանը և սպորտի զարգացմանը»,- ասել է Բախը: