Համաշխարհային պրեմիերա Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 1-ին և 2-ին տեղի կունենա Վաչե Շարաֆյանի «Ձգողականություն» երկու գործողությամբ բալետային ներկայացման պրեմիերան, ըստ Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի:
Թատրոնից հայտնում են՝ բեմադրության երաժշտական ղեկավարը և դիրիժորը ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյաննն է, լիբրետոյի և գեղարվեստական գաղափարի հեղինակ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյան, բեմադրող բալետմայստեր՝ Արա Ասատուրյան, բեմադրության և զգեստների նկարիչ՝ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյան:
Բալետը համաշխարհային պրեմիերա է, քանի որ ներկայացման բեմադրությունն ամբողջովին նոր է և առաջին անգամ է բեմադրվում։
Ներկայացման հիմքում Լևոն Շանթի «Հին աստվածներ» պիեսն է: Աբեղան փրկում է նավակից ջուրն ընկած աղջկան: Կնոջը գրկած վանականը չի կարողանում մոռանալ թաց մարմինը, ծովի հետ կռիվը, բնության տարերքը... Բնությունը ձգում է նրան: Աբեղան կանգնում է երկընտրանքի առաջ՝ ասկետիկ կյանք, թե՞ լիարժեք կյանքով ապրելու անհագ ցանկություն... Միաբանությունն ուզում է նրան ետ պահել մեղավոր քայլից. «...այն անդամը, որ քեզի կգայթակղեցնե, կտրե ու դուրս նետե քեզմե...»: Իսկ բնությունը կանչում է... Վանահայրը իր սրտի ցանկությունը խեղդում է մտքի, կամքի ուժով և որոշում է քանդել նորաստեղծ եկեղեցին ու շինել նորը... Միտք, թե՞ սիրտ, լույս թե՞ խավար՝ այս ընտրության մեջ մարդ հաճախ ընկնում է ծայրահեղության մեջ՝ չտեսնելով, որ Աստծո ստեղծած բնությունը հենց հակադրությունների միասնությունն է...