«Սուրբ Աստվածամայր»-ի ղեկավարությունը խիստ անհանգստությունն են հայտնում «Մուրացան»-ում կատարվածի վերաբերյալ
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ղեկավարությունն ու ողջ անձնակազմն իրենց խիստ անհանգստությունն են հայտնում նախօրեին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում բժշկուհու եւ անվտանգության աշխատակցի հանդեպ կատարված բռնության դեպքի առթիվ:
«Ցանկացած բռնություն դատապարտելի է, հատկապես, երբ այն դրսևորվում է իր մասնագիտական պարտքը կատարող ու կյանքեր փրկող բուժանձնակազմի հանդեպ: Ցավով պետք է արձանագրենք, որ վերջին շրջանում նմանօրինակ դեպքերը կրկնվում են, ինչն անընդունելի է:
Հարգելի հայրենակիցներ, բժշկական կենտրոններում զսպեք ձեր էմոցիաները և պահպանեք խոհեմություն»,-ասված է ԲԿ տարածած հայտարարության մեջ։
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, բուժհաստատությունում բռնություն են կիրառել բժշկի և անվտանգության աշխատակցի նկատմամբ.
«Անընդունելի է ու անմարդկային, երբ մարդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա`իր մասնագիտական առաքելությունն իրականացնելու պահին»։
Ոստիկանությունից մանրամասնում են՝ նոյեմբերի 16-ին, ժամը 01.45-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել «Մուրացան» հիվանդանոցային համալիրի աշխատակիցը և հայտնել, որ անհայտ անձինք մուտք են գործել հիվանդանոց և ծեծի ենթարկել անվտանգության աշխատակցին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Մեկնել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Նոր Արեշի 35-ամյա բնակիչը ձեռքերով և ապակյա շշով հարվածներ է հասցրել հիվանդանոցի անվտանգության աշխատակցին:
35-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: