«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի հաղորդավարները կլինեն՝ Իվետա Մուկուչյանը, Կարինա Իգնատյանը և Գարիկ Պապոյանը
Դեկտեմբերի 11-ին Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի հաղորդավարներն են երգչուհիներ Իվետա Մուկուչյանը, Կարինա Իգնատյանը և դերասան, երգերի հեղինակ Գարիկ Պապոյանը:
Երգչուհի Իվետա Մուկուչյանը 2016 թվականին «LoveWave» («Սիրո ալիք») երգով ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլում և իր սիրո ալիքներով վերադառնում է եվրատեսիլյան մեծ բեմ՝ արդեն որպես շոուի հաղորդավար:
«Եվրատեսիլի երկրպագուները միշտ ցանկանում են իրենց սիրելի արտիստին կրկին տեսնել այս մրցույթում, և ահա ես վերադառնում եմ, իհարկե, արդեն այլ կարգավիճակով: Շատ ուրախ եմ լինել այս տարվա շոուի հաղորդավարներից մեկը, կրկնակի երջանիկ եմ, որ բեմում աշխատելու եմ պրոֆեսիոնալ մարդկանց՝ Գարիկի և Կարինայի հետ»,- ասում է Իվետան:
Գարիկ Պապոյանը եվրատեսիլյան հանդիսատեսին հայտնի է իր հեղինակած «Note Alone» երգով, որով 2014 թվականին Արամ Mp3-ն ներկայացրել է Հայաստանը և գրավել 4-րդ տեղը: Այժմ Գարիկը կուլիսներից դուրս է գալիս և «Մանկական Եվրատեսիլի» բեմից ողջունելու է բազմամիլիոնանոց լսարանին:
«Երբ ստացա առաջարկը լինելու այս տարվա մրցույթի հաղորդավարներից մեկը, իմ երեխաների չափ ուրախացա: Միևնույն ժամանակ գիտակցում եմ, որ ինչքան էլ սա մանկական մրցույթ է, պատասխանատվությունը շատ «մեծական է»», -նշում է Գարիկը:
2019 թվականի «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանի պատվիրակ Կարինա Իգնատյանն էլ ասում է, որ համաեվրոպական այս մրցույթի մեծ երկրպագու է և կրկնակի մեծ է պատասխանատվությունը հայրենիքում հյուրընկալել 16 երկրից մասնակիցների. «Լեհաստանում ընդամենը 3 րոպե ունեի իմ երկիրը ներկայացնելու համար, իսկ այստեղ ամբողջ շոուի ընթացքում ես և գործընկերներս փորձելու ենք բարձր տրամադրություն ապահովել: Սա նշանակում է, որ պատասխանատվությունը կրկնապատկվել է: Վստահ եմ՝ պրոֆեսիոնալ թիմի հետ իսկապես հրաշալի շոու ենք ունենալու»:
20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:
Տարվա ամենասպասված իրադարձությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Հարակից հրապարակումներ`
- Հետհաշվարկը սկսված է. «Մանկական Եվրատեսիլին» մնաց ընդամենը 30 օր
- «Հրապարակ». Հ1-ին, «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի համար, պետբյուջեից փոխանցվել է 4․5 միլիարդ դրամ
- Կառավարությունը Հ1-ին թույլ կտա «Մանկական եվրատեսիլ»-ի բեմի համար մեկ անձից 2.7 մլրդ դրամի գնումներ կատարել
- «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Նարե Ղազարյանը
- Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ»-ին Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել