«Convivial Reunion». մշակութային հաղորդակցման նոր ձևաչափ
«Convivial Reunion» 10-րդ հոբելյանական մշակութային կորպորատիվ նախագծի շրջանակում, Երևանի կոնյակի գործարանի աշխատակիցներն այցելեցին Գաֆէսճեան արվեստի կենտրոն։
2018 թվականին մեկնարկած «Convivial Reunion» միջոցառումների շարքը միավորում է Երևանի կոնյակի գործարանի աշխատակիցներին` մշակութային տարատեսակ կենտրոններ կատարած այցերի միջոցով։ Այն իր բնույթով ամբողջացնում է ARARAT-ի առանցքային արժեքները և աշխատակիցներին ներկայացնում հայկական մշակութային կարևոր նվաճումները՝ համակցվելով ջերմ շփումներով և վառ հիշողություններով։ Արդեն իսկ ավանդույթ դարձած միջոցառումների շարքն ունի բազմաժանր մոտեցում. Երևանի կոնյակի գործարանի աշխատակիցները հասցրել են բացահայտել գորգագործության արվեստը` Մեգերյան Կարպետում, գեղանկարչության վարպետության վառ եզրերը` Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, հին ձեռագրերի և մատենագրության ժառանգությունը` Մատենադարանում, ինչպես նաև Երվանդ Քոչարի քանդակների գաղտնիքներն ու Արամ Խաչատրյանի ստեղծագործական ուղին։
«Վերածննդի ինքնություն» խորագիրը կրող 10-րդ խորհրդանշական «Convivial Reunion» միջոցառումն իրականացվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։ Միջոցառման շրջանակներում Կենտրոնի մասնագետների օգնությամբ կազմվեց հատուկ թանգարանային հետագիծ, որը հանգավորվում էր միջոցառման խորագրի հետ և նախատեսում այցեր «Սասունցի Դավիթ» և «Խանջյան» սրահներ։
Երեկոն եզրափակեց Կոմիտասի անվան ազգային քառյակը, որը գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանի գլխավորությամբ ներկայացրեց Ս․Ռախմանինովի, Մոցարտի և, իհարկե, Կոմիտասի ստեղծագործությունները։
«Երևանի կոնյակի գործարանի «Convivial Reunion» նախագիծը աշխատակիցներին նոր ձևաչափով մեր մշակութային ժառանգությանը հաղորդակից դարձնելու միջոց է, որն ամեն անգամ ապահովում է անկրկնելի փորձառություն։ Երևանի կոնյակի գործարանի յուրաքանչյուր աշխատակից որպես Pernod Ricard միջազգային մեծ ընտանիքի անդամ Convivialite գաղափարի կրող է, ասել է թե՝ միմյանց հետ ջերմ ու անկեղծ պահերի կիսելու ջատագովը։ Այդ իմաստով «Convivial Reunion»-ը իմաստալից ժամանցի այն ձևաչափն է, որը մշակույթի և ժառանգության մեր նոր բացահայտումները վերածում է ջերմ կորպորատիվ հուշերի։ Գաֆէսճեան արվեստի կենտրոն այցելության ծրագիրը որոշակի առումով հանգավորվում էր մեր այսօրվա ներաշխարհի հետ և շատ կարևոր էր թե՛ գեղագիտական, թե՛ էմոցիոնալ առումներով․ մեր պատմության ամենադժվարին էջերին հաջորդել է Վերածնունդը, որքան էլ դժվար էր Սարդարապատը, նրանից հետո միշտ հնչում է լուսեղեն Կոմիտասը։ Սա է մեր ինքնությունը, որն այլընտրանք չունի»,- նշեց Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։