500.000 դրամ աջակցություն՝ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով վիրավորում կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին
Սեպտեմբերի 13-ից ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողները 500,000 դրամ միանվագ աջակցություն կստանան․նախագիծը հավանության է արժանացել Կառավարության նիստում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխանցմամբ, ըստ այդմ, աջակցությունը կտրվի ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած այն անձանց, որոնք բուժհաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում են ստացել, չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն (կարող են ունենալ) հաշմանդամության երրորդ խումբ:
Ֆինանսական օգնությունը կտրամադրվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) կողմից՝ շահառուի էլեկտրոնային դիմումի հիման վրա:
Միասնական սոցիալական ծառայության կայքէջում առաջիկայում կստեղծվի պատուհան, որի միջոցով շահառուները ծրագրին դիմելու հնարավորություն կունենան մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը։
Հարակից հրապարակումներ`
- Հրապարակվել է սեպտեմբերի զոհերի առաջին պաշտոնական ցուցակը
- Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հասավ 220-ի․ Տիգրան Աբրահամյան