Յունիսեֆ. Ռասիզմն ու խտրականությունը երեխաների նկատմամբ տարածված են աշխարհի բոլոր երկրներում
Երեխաների համաշխարհային օրվան ընդառաջ հրապարակված ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցում նշվում է, որ ռասիզմը և խտրականությունը երեխաների նկատմամբ՝ հիմնված նրանց ազգային պատկանելության, լեզվի և կրոնի վրա, տարածված են աշխարհի տարբեր երկրներում:
Չիրացված իրավունքներ. խտրականության ազդեցությունը երեխաների վրա զեկույցի մեջ նշվում է, թե որքանով է ռասիզմը և խտրականությունը ազդում երեխաների կրթության, առողջապահության, ծնունդների գրանցման և արդարադատության մատչելիության համակարգերի վրա և շեշտադրում փոքրամասնությունների և էթնիկ խմբերի միջև առկա համատարած անհավասարությունները:
«Շարունակական ռասիզմը և խտրականությունը երեխաներին զրկանքների և մեկուսացման վտանգի են ենթարկում, ինչը կարող է հարատև լինել», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը: «Սա բոլորիս է ցավ պատճառում: Յուրաքանչյուր երեխայի իրավունքների պաշտպանությունը՝ ով էլ լինի, որտեղից էլ լինի, բոլորի համար ավելի խաղաղ, բարեկեցիկ և արդար աշխարհ կառուցելու գործում ամենահուսալի ճանապարհն է»:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի փոխանցմամբ, զեկույցում տեղ գտած նոր տվյալները նաև փաստում են, որ 22 երկրների վերլուծության մեջ ներառված էթնիկ, լեզվական և կրոնական մարգինալացված խմբերի պատկանող երեխաները շատ են հետ մնում իրենց հասակակիցներից ընթերցանության հմտությունների առումով: Միջին հաշվով, սոցիալապես ապահով խմբի 7-14 տարեկան աշակերտները ավելի քան երկու անգամ ավելի հավանական է, որ ունենան հիմնարար ընթերցանության հմտություններ, քան դժվարակենցաղ խմբինը:
Ծնունդը գրանցած երեխաների թվի վերաբերյալ տվյալների վերլուծությունը, որը նախապայման է հիմնական իրավունքների հասանելիության առումով, ցույց է տալիս, որ զգալի տարբերություններ կան կրոնական և էթնիկ խմբերի երեխաների միջև:
Խտրականությունն ու մեկուսացումը խորացնում են միջսերնդային զրկանքներն ու աղքատությունը և հանգեցնում երեխաների առողջության, սնուցման և ուսման հետ կապված ավելի վատ արդյունքների, օրենքի հետ խնդիրներ ունենալու ավելի բարձր հավանականության, դեռահաս աղջիկների շրջանում հղիության բարձր ցուցանիշների և չափահաս տարիքում զբաղվածության և վաստակի ցածր մակարդակի:
ՔՈՎԻԴ-19-ը ամբողջ աշխարհում ջրի երես բերեց խորը անարդարություններն ու խտրականությունը, իսկ կլիմայի փոփոխության և հակամարտությունների ազդեցությունն իրենց հերթին են շատ երկրներում գոյություն ունեցող նոր բացահայտումներ անում անհավասարությունների առումով: Զեկույցը ընդգծում է, թե ինչպես են խտրականությունն ու մեկուսացումը երկար ժամանակ պահպանվել էթնիկ և փոքրամասնություններ կազմող խմբերի միլիոնավոր երեխաների համար, այդ թվում՝ իմունականխարգելման, ջրի և սանիտարական ծառայությունների հասանելիության և արդարադատության մատչելիության առումներով:
Օրինակ՝ Միացյալ Նահանգներում կարգապահության հետ կապված սևամորթ երեխաները գրեթե չորս անգամ ավելի հավանական է, որ դպրոցից հեռացվեն, քան սպիտակամորթները, և ավելի քան երկու անգամ ավելի հավանական է, որ ձերբակալվեն դպրոցի հետ առնչություն ունեցող խնդիրների համար:
Զեկույցը նաև մատնանշում է, թե ինչպես է առօրյա կյանքում խտրականությունն ազդում երեխաների և երիտասարդների վրա: U-Report-ի նոր հարցումը՝ ավելի քան 407,000 պատասխաններով, ցույց է տվել, որ վերջիններիս գրեթե երկու երրորդը կարծում է, որ իրենց շրջապատում առկա է խտրականություն, իսկ գրեթե կեսը կարծում է, որ խտրականությունը էականորեն ազդել է իրենց կամ իրենց ծանոթ մարդկանց կյանքի վրա:
«Երեխաների համաշխարհային օրն ու ամեն օր, յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ներառված ու պաշտպանված լինելու և իր ողջ ներուժն օգտագործելու համար հավասար հնարավորություններ ունենալու», - ավելացրել է Ռասըլը: «Մենք բոլորս հնարավորություն ունենք պայքարելու ընդդեմ երեխաների հանդեպ խտրականության մեր երկրներում, մեր համայնքներում, մեր դպրոցներում, մեր տներում և մեր սրտերում: Մենք պետք է օգտագործենք այդ հնարավորությունը»:
Հարակից հրապարակումներ`
- «Յունիսեֆ». 559 միլիոն երեխա այսօր ենթարկվում է բարձր հաճախականությամբ ջերմային ալիքների ազդեցությանը
- Յունիսեֆ. Ոչ մի երեխա չպետք է կեղտոտ ջուր խմելու ընտրության առջև կանգնի
- Աշխարհում առողջապահական հաստատությունների կեսից ավելին չունի տարրական հիգիենայի պայմաններ. ԱՀԿ, ՅՈՒՆԻՍԵՖ
- ՅՈՒՆԻՍԵՖ-ը Լոռու մարզում երկու նոր նախադպրոցական կրթության կենտրոն է հիմնել
- ՅՈՒՆԻՍԵՖ. Ամեն րոպե աշխարհում ավելանում է թերսնված երեխաների թիվը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին