Փաշինյան. Հաստատված զինադադարը վերջ չի դրել Հայաստանի այլ տարածքների նկատմամբ Ադրբեջանի նկրտումներին
«Վերջին շրջանում, ցավոք, պետք է արձանագրենք, որ խախտվել են ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ որևէ պետության տարածքային ամբողջականության դեմ ուժ չկիրառելու սկզբունքը, որի վրա հիմնված է մեր բոլորի հավաքական անվտանգությունը՝ այդ կերպ աստիճանաբար պարտադրելով ամենաուժեղի օրենքը»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, որը մասնակցում է Թունիսի Հանրապետության Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին:
Փաշինյանն ասել է՝ Ադրբեջանի կողմից գործադրված ագրեսիան, որի զոհը դարձավ Հայաստանի Հանրապետությունը ս.թ. սեպտեմբերի 13-14-ին, այս իրողության վառ դրսևորումն է։
«Ադրբեջանի՝ ոչնչով չարդարացված և չհրահրված ագրեսիան հանգեցրել է Հայաստանի տարածքների մի մասի օկուպացիային՝ մահ և տառապանք պատճառելով քաղաքացիական բնակչությանն ու հասցնելով զգալի ավերածություններ։
Հաստատված զինադադարը, սակայն, դեռևս վերջ չի դրել Հայաստանի այլ տարածքների նկատմամբ այս երկրի նկրտումներին:
Առերեսվելով նոր սպառնալիքներին՝ մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունն արդար գնահատական կտա այսօր մեր երկրում տիրող իրավիճակին՝ դատապարտելով հայկական տարածքի որոշ հատվածների օկուպացիան և պահանջելով ադրբեջանական ուժերի վերադարձը նախկին դիրքեր։
Հայաստանն իր հերթին հաստատակամորեն հանձնառու է նպաստել Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու պայմանագրի գործընթացին, ինչպես նաև ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»,-իր ելույթում ասել է Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում