Ստեփանակերտում Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ Ռուսական կենտրոն է բացվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին Ստեփանակերտում մասնակցել է ԱՀ իշխանությունների նախաձեռնությամբ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, բարերար Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ հիմնադրված Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։
ԱՀ նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, կառույցի գործունեությունն ուղղված կլինի ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի և պատմության մասսայականացմանը, կրթության ոլորտում երկխոսության և սերտ համագործակցության զարգացմանը։ Առկա հարուստ գրքային ֆոնդի շնորհիվ մատաղ սերունդը հնարավորություն կունենա նաև ուսումնասիրելու ռուս գրողների ստեղծագործություններ։
Նախագահ Հարությունյանը կարևորել է նման հաստատությունների գործունեության կարևորությունը մշակույթի և կրթության ոլորտում հայ֊ռուսական կապերի հետագա զարգացման տեսանկյունից։
«Ռուսական կենտրոնների բացումը հանդիսանում է հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության ևս մեկ ակնառու ապացույց և մեր սերտ համագործակցության վառ օրինակ։ Արցախում միշտ հատուկ ուշադրություն է դարձվել ռուսաց լեզվի ուսումնասիրությանը, իսկ կենտրոնի բացումն առավել քան պահանջված է ներկա պայմաններում», - նշել է Արայիկ Հարությունյանը։
Նախաձեռնության կարևորությունն ընդգծող խոսքով հանդես են եկել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանը, հանրային գործիչներ, ովքեր համոզմունք են հայտնել, որ կենտրոնը կդառնա կարևոր մշակութային և կրթական օջախ բոլոր արցախցիների համար։