ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանում միջուկային զենք ստեղծելու վերաբերյալ տվյալներ չկան
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) չի կարծում, որ Իրանը պետք է ճանաչվի միջուկային տերություն, երկրում միջուկային զենքի ստեղծման մասին տեղեկություն չկա։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին կիրակի օրը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
Հարցին, թե որքանո՞վ է Իրանը մոտ միջուկային ռումբ ստեղծմանը՝ նա պտասխանել է. «Հարստացված ուրանի ստացման ներկա մակարդակում մեկից ավելի սարքեր ունենալու համար Իրանն արդեն բավականաչափ հումք է կուտակել, եթե որոշի դա անել: Բայց մենք տեղեկություն չունենք, որը ցույց կտար, որ Իրանը միջուկային զենքի ծրագիր ունի»,-պատասխանել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը:
Նրան հարցրել են նաև, թե արդյոք Իրանի հետ հարաբերություններում հասել է անվերադարձի կետին, արդյոք եկել է այն որպես միջուկային տերություն ճանաչելու ժամանակը։ «Ոչ, մենք դեռ չենք հասել այդ կետին: Բայց մենք պետք է շատ աշխատենք, որպեսզի չհասնենք դրան»,-եզրափակել է Գրոսսին:
Նոյեմբերի սկզբին նա ասել էր, որ Թեհրանը ներկայումս կատարում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (JCPOA) շրջանակներում ստանձնած պարտավորությունները:
Հարակից հրապարակումներ`
- Արևմտյան երկրները նախապատրաստում են միջոցառումների ցանկ՝ հնարավոր միջուկային պատերազմի դեպքում բնակչության խուճապի դեմ պայքարելու համար
- ԱՄՆ-ը հույս ունի վերականգնել միջուկային ծրագիրը, սակայն մտահոգված է Իրանում բողոքի ցույցերի հետ կապված իրավիճակով