Եթե բոլորս ազատ ենք, ով ինչ ուզում, անում է, այն ժամանակ հայրենիք է փուլ գալիս. Ռոբերտ Ամիրխանյան
Ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանանն ավելի քան 300 երգերի, վոկալ շարքերի, օպերետների, մյուզիքլների, խաղարկային և մուլտիպլիկացիոն ֆիլմերի երաժշտության հեղինակ է, իսկ 2011թ. «Երևանյան ռապսոդիա» ստեղծագործության համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Կոմպոզիտորը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ դաշնամուրի մոտից ուրիշ տեղ չի ճամփորդում։
Panorama.am - Ի՞նչ ստեղծագործության վրա եք աշխատում, առաջիկայում ի՞նչ կմատուցեք ունկնդրին։
Ռոբերտ Ամիրխանյան - Ծրագրերի մասին խոսելը մի տեսակ այդքան էլ գործնական բան չի։ Մեր կյանքում ամեն ինչը կախված է մեկ ուրիշ մարդուց։ Ոչ միայն քեզանից։ Երբ դու կգտնես համախոհ, որ կուզի քեզ հետ քայլել նույն ճանապարհով, նա էլ կգտնի իր համախոհը, մեզ կմիավորի ինչ-որ ծրագիր, այդ ժամանակ մեր գործը կստացվի։ Առայժմ ունեմ ստեղծած մեղեդիներ, անկյուն քաշված սպասում են, թե ինչպես կերգվի, ով կերգի։
Մի քանի նախաձեռնություններ ունեցա, բայց ում հետ աշխատեցի, գնացին Ամերիկա, գնացին այնտեղ ապրեն։
Իրականում ունեմ ոգևորիչ ծրագրեր։ Ես գրել եմ ստեղծագործություններ աշխարհի լեզուների վրա՝ սկսած լատիներենից մինչև չեխերեն, ֆիններեն։ Շատ կուզեմ այդ ստեղծագործությունները հնչեցնել, կուզեմ մեր երկրում աշխատող դեսպաններին հրավիրել, որպեսզի գան ու լսեն այդ ստեղծագործությունները ու մեզ չհամեմատեն մեր հարևանների հետ, ինտելեկտի չափով հաշվեն, տեսնեն ամեն ինչ։
Ունեմ փոքր ու մեծ ծրագրեր, ստեղծագործություններ, որոնք անընդհատ գալիս են, լցվում են։
Պատրաստվում եմ համերգ անել, որպեսզի կատարվեն ստեղծագործությունները։ Եթե ուրիշները չկատարեն, ուրեմն ես ինքս եմ երգելու։ Շատ գործեր կան։ Պատրաստվում եմ հրատարակել իմ ստեղծագործությունների ժողովածուի հինգերորդ հատորը։ Լեցուն հին մեղեդիներ կան, որոնք դեռ չեմ էլ հասցրել նոտագրել։ Այնպես որ, դաշնամուրի մոտից ես ուրիշ տեղ չեմ ճամփորդում։
Panorama.am - Մեր այսօրվա երաժշտաարվեստն ինչպե՞ս կգնահատեք, ի՞նչ կարծիք ունեք։
Ռոբերտ Ամիրխանյան - Երաժշտաարվեստը՝ հնչունների գրավիչ աշխարհն իր տարբեր դրսևորումներն ունի, բայց, վերջնական վերդիկտ դնելով վիճակի վրա, մեր շարժիչ ուժը, ցավոք սրտի, ինքնագործունեությունն է դարձել, իսկ ինքնագործունեության մեջ վատն այն է, որ ես ինչ ուզեմ, այն էլ կանեմ։ Մեր երգի մեջ այնպիսի մեղեդիներ, այնպիսի ինտոնացիաներ են մուտք գործել, որոնք խոսում են այն մասին, որ մեր կուլտուրայի կոնցեպտը կորսված է։ Ցավոք սրտի, սա իրականությունն է։
Ես համոզված եմ, որ աշխարհում չի կարող լինել վատ սիմֆոնիկ նվագախումբ, որովհետև բոլոր երաժիշտները սովորած են, կրթություն ունեն, պատրաստված են, մեզ մնում է նվագախմբի ղեկավարը, թե ինքն ինչպես է ղեկավարում։ Իսկ մենք այսօր ինքնակազմակերպման պրոբլեմ ունենք, որպեսզի վեր ելնենք բոլոր պրոբլեմներից։ Մենք երբ որ փողոցում քայլում ենք, մենք անուշադիր ենք ուրիշի հանդեպ, անհանդուրժող ենք, մեզ մոտ սկսել է բացակայել մարդասիրական սկզբունքը, ինչը մեծագույն կորուստ է։ Երբ մենք փողոցում, հանրային կյանքում այդքան մերժողական ենք մեկս մյուսի հանդեպ, էլ ոնց ենք հույս դնում, որ անգլիաները, ամերիկաները գալու են մեր կողքին կանգնել, եթե մենք ինքներս չենք կանգնում մեր կողքին։
Panorama.am - Ինչի՞ց կամ ինչո՞ւ այդ անտարբերությունն առաջացավ։
Ռոբերտ Ամիրխանյան - Ազատությունը վատ բան է։ Ազատությունը նրա համար է, որ յուրաքանչյուր մարդ ինքն իրեն սահմանափակի, իսկ եթե մենք բոլորս ազատ ենք, ով ինչ ուզում, անում է, այն ժամանակ հայրենիք է փուլ գալիս։ Սրա գիտակցումը մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մենք տեսնենք, թե ինչ է տեղի ունենում մեզ մոտ։ Մեզ մոտ այսօր կառավարման, հոգատարության, մարդուն պաշտպանված տեսնելու պրոբլեմը կա։
Panorama.am - Պատերազմ, պարտություն, … որևէ ձև անդրադարձե՞լ են ձեր ստեղծագործությունների վրա։
Ռոբերտ Ամիրխանյան - Ոչ։ Ինչպես մարդն ունի ձախ և աջ ոտք, մեր պատմությունն էլ ունի իր ձախ և աջ ոտքեր։ Պատմությունները մոտավորապես 100 տարի հետո կրկնվում են։ Հարկավոր է նայել հասկանալով, թե ինչ տեղի ունեցավ, բայց գլխավորը մեր կյանքն է, մենք ապրում ենք, չէ՞։ Փոքրիկը երբ ծնվում է, նա դեռ չգիտի, թե ինչ բան է կյանքը, բայց նրա ռեակցիաները ճշգրիտ են՝ ուղղված կյանքի շարունակականությանը։
Ինձ համար շատ կարևոր է իմ կողքին ապրող մարդու ոգևորությունը։ Եթե ես որևէ մեկին բարեմաղթանքներ ունենամ, ամենաքիչը իրեն կասեմ առողջություն, գործերիդ հաջողություն եմ մաղթում, կմաղթեմ, որպեսզի նրա ոգևորությունները չպակասեն։ Իսկ այսօր ոգևորությունները պահպանելու համար մեզ հարկավոր է խելամիտ միասնականություն։
Ժամանակն է, որպեսզի մենք գանք դեպի մեր կյանքի իդեան, ոչ թե այն հետաքրքրությունների դաշտը, որը յուրաքանչյուր մարդուն գերի է դարձնում իր սեփական հետաքրքրություններին։
Panorama.am - Շնորհակալություն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին