Փաստաբան. Ապացույցները շատ սխալ խորհրդով անհետացան գործից
Փաստաբան Լուսինե Վիրաբյանը գրում է.
«Քիչ առաջ դուրս եկա Արաբկիրի քննչական բաժնից` ուր քննվում է վարչական գործից ապացույցների անհետացմանն առնչվող գործը։
Ստացած տպավորությունից ելնելով` ուղղակի ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել գործը քննող քննիչին, հսկող դատախազին, վարչական գործը քննող, կամ երբևէ քննած դատավորներին, նրանց աշխատակազմերին, որ ապացույցները, որոնք շատ սխալ խորհրդով անհետացան գործից, ես անձամբ եմ լուսանկարահանել` դեռևս 26.01.2022թ.-ին, և դրանք պահվում են շատ ապահով վայրում։
Մանկամիտ պատճառաբանություններ մի հորինեք։
Դրանից ձեր վիճակն էլ ավելի եք վատացնում։ Չի կարելի այսքան արժեզրկել, ցածրացնել արդարադատությունը։ Էլ տեղ չկա. վաղուց հատակին եք»։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին փաստաբանն ահազանգել էր դատական համակարգում տեղի ունեցած հանցագործության մասին։
«Հասանք այն օրվան, որ դատական համակարգում տեղի ունեցած հանցագործության մասին այսօր հաղորդում եմ ներկայացնում ՀՀ Գլխավոր դատախազին:
Առանց որևէ անձի անմեղության կանխավարկածը ոտնահարելու՝ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ.
ՀՀ վարչական դատարանում և/կամ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում կատարվել է հանցագործություն:
Վարչական գործի նյութերից բառիս բուն իմաստով անհետացել են գործի համար էական նշանակություն ունեցող ապացույցներ, որոնք ես անձամբ դեպքի տեղի ունենալուց օրեր առաջ ՀՀ Վարչական դատարանում ուսումնասիրել եմ, լուսանկարել, ունեմ բոլոր ապացույցները, սակայն 1 ամիս անց ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանում դրանք արդեն բացակայել են կարված գործի մեջից, և մնացել են միայն դատարկ ծրարները:
Թեման մինչ այս պահը չեմ հանրայնացրել՝ չցանկանալով հասարակության մոտ էլ ավելի մեծ անվստահություն առաջացնել դատական համակարգի նկատմամբ:
Հրապարակումն անում եմ դատական համակարգի ներկայացուցիչների և ՀՀ Արդարադատության նախարարության չեզոք, խուսափողական, ոչինչ չասող պատասխաններից հետո:
Կարծես թե հույսները դրել էին իմ լռության վրա: Կներեք, բայց կրկին սխալվել եք: Կամաց-կամաց ինքնախոստովանական գրեք՝ նշելով պատվիրատուներին:
Թե բա՝ պատվարժան դատարան»,-գրել էր նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա