Էրդողանն ու Ալիևը շնորհավորել են Տոկաևին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը շնորհավորել է Ղազախստանի նորընտիր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ նախագահական ընտրություններում արձանագրած հաղթանակի կապակցությամբ: Այս մասին գրում է Ռիա Նովոստին։
«Երկրի ղեկավարն անկեղծ շնորհակալանքի խոսքեր է հղել Ռեջեփ Թայիբ Էրդողանին շնորհավորելու համար՝ կարևորելով ավելի վաղ ստորագրված երկկողմանի փաստաթղթերի կյանքի կոչումը»,-նշվում է կայքում:
Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես հեռախոսով շնորհավորել է Ղազախստանի առաջնորդ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին արտահերթ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, ինչի մասին հաղորդել է Տոկաևի մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին արտահերթ նախագահական ընտրություններում վստահ հաղթանակի կապակցությամբ»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ղազախստանում նոյեմբերի 20-ին տեղի են ունեցել արտահերթ նախագահական ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ երկրի գործող ղեկավարը հաղթել է ձայների 81,31%-ով։ Ընտրողների ընդհանուր վերջնական մասնակցությունը կազմել է 69,44%: