«Եթե գերիները վերադառնան, մի հարց պետք է տան Փաշինյանին՝ ո՞ւր էր հայրենիքը, երբ մենք գերության մեջ էինք»
Անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են Ազատության հրապարակում՝ պահանջելով բոլոր գերիների ու անհետ կորածների վերադարձ:
«Այսօր Ալիևը ցինիկորեն հայտարարում է, որ «գերի չունեմ», որովհետև երեխաների գլխին դատական գործեր են սարքում, թե իբր նրանք գերիներ չեն, հանցագործներ են: Բայց բոլորն էլ գիտեն ադրբեջանական այդ տակտիկան»,- լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողի հայր Վլադիմիր Հարությունյանը։
Նա նշեց, որ թեև իր որդն անհետ կորած է համարվում, բայց, իր ստացած տեղեկություններով, գերի է, որովհետև տեսնող է եղել, որ ադրբեջանցիները գերի են տարել: Վլադիմիր Հարությունյանը պատմեց, որ որդին որպես մոբ Հադրութում է եղել, վիրավոր ընկած է եղել, ընկերների մի մասը նույնիսկ կարծել են սպանված է, բայց հետո տեսնող է եղել: Վերջին անգամ որդու հետ խոսել են հոկտեմբերի 15-ին:
«Զանգել, ասել է, որ իրենց տանում են մի տեղ, որտեղից ոչ մի կապ չի լինելու, չանգեք: Ու վերջ, դրանից հետո էլ կապ չի եղել։ Հաջորդ օրը մտել են մարտի մեջ ու էդ օյինը բերել գլխներիս»,- ասաց Վ.Հարությունյանը։
Նա նշեց, որ իրենք բավարար չեն համարում գերիներին վերադարձնելու, անհետ կորածներին գտնելու իշխանությունների քայլերից։
«Նրանց անտարբեր վերաբերմունքն էլ մի կողմից է մեզ կեղեքում: Մեզ ասում են, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, դեռ ոչ մի լուր չկա: Եվրոպական դատարանի հայկական գրասենյակին էլ ենք դիմել, մինչ օրս ոչ մի լուր: Կարմիր խաչն առայժմ անզոր է որևէ բան անել: Իշխանությունների հետ գերատեսչական հանձնախումբն ենք ստեղծել, որ այդ ուղղությամբ աշխատանք տարվի: Տեսնենք, դա էլ դեկտեմբերի 16-ից պետք է սկսի աշխատանքները։
Կառավարությունը գցում է ԱԱԾ-ի վրա, ՊՆ-ի վրա, նրանք էլ համապատասխանաբար, իրենցից ցածր աստիճանների վրա»,- ասաց անհետ կորած զինծառայողի հայրը:
Լրագրողը հիշեցրեց, որ դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ ասում էր՝ «գերիները մեզ կներեն, եթե երկու ամիս ավելի մնան գերության մեջ», նա ասաց. «Իսկ Նիկոլ Փաշինյանը գիտի՞ Ադրբեջանում գերի լինելն ինչ է: Ես ինքս եղել եմ։ 1990 թվականին «Կոլցո» օպերացիայի ժամանակ Քարին Տակ գյուղից ինձ վերցրել էին, մի 20 օր Շուշիում պահեցին: Յուրաքանչյուր օրը համարյա մեկ տարի է: Հիմա երեխաները կներեն։ Չեն, ների, երբեք։ Եթե նրանք գան էլ, նրանց համար այլևս հայրենիք արտահայտությունը չպետք է լինի: Նրանք մի հարց կտան՝ պարոն Նիկոլ Փաշինյան, ո՞ւր էր հայրենիքը, երբ մենք գերության մեջ էինք»:
Ակցիայի մասնակիցներից Ազատ Գևորգյանը՝ անհետ կորած Կարեն Գևորգյանի հայրը, ասաց, որ որդին Հադրութում է ծառայել։
«Աբսուրդ հեքիաթներ են պատմել: Եթե առաջին օրը զոհված լիներ, կհանեին մարմինը: Բացառվում է, այստեղ այլ տարբերակ է։ Թե ուր է, որտեղ է, ոչ մի բան չեն բացահայտում:
Ասում են՝ զոհվել է առաջին օրը, բայց ամսի 3-ին տեսել են երեխուս Ֆիզուլի-Կարախանբելի հատվածում: Բա որ զոհվել է, ո՞նց են տեսել:
Մեզ ասում են՝ քննություն է գնում, պարզում ենք, բացահայտում ենք: Երկու տարի քննություն է գնում, բա ո՞ւր է: Ինքը առաջին օրով չէր կարող ոչ գերի ընկնել, ոչ զոհվի: Ես շատ բան եմ բացահայտել, իրենք սպեցյալնի երեխեքին տվել են, չգիտեմ: Մենակ իմ երեխան չի, էդ որ անհետ են, բոլորին էլ տվել են»։
Հարակից հրապարակումներ`
- Անհետ կորած զինվորի տատը ՊՆ դիմաց է. Պահանջում եմ իմ թոռանը, 19 տարեկան իմ Վահեին
- Նիկոլ Փաշինյան. Զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի
- Անհետ կորածներից շատերը գտնվում են փաստացի գերության մեջ՝ հայտարարություն
- Գերիների, անհետ կորածների հարազատները դեռ Բաղրամյան պողոտայում են
- Անհետ կորածների ծնողները շարունակում են մնալ կառավարության շենքի դիմաց
- Անհետ կորածների ծնողները պահանջում են Փաշինյանի հետ հանդիպում. Ո՞ւր եք
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում