Երևանի ավագանու ընտրություններին «Միացյալ Հայաստան»-ի ցուցակը կգլխավորի Երվանդ Թարվերդյանը
«Միացյալ Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է 2023 թվականին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին, ցուցակը գլխավորելու է կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը։
«Կուսակցությունն արդեն իսկ մշակում է ծրագրերը, իրականացնում ենք ուսումնասիրություններ, հարցումներ` քաղաքացների շրջանում, փորձում ենք հասկանալ, թե ինչ հարցեր են հուզում քաղաքացիներին։ Այն, որ Երևանում առկա են տեսանելի մի շարք խնդիրներ՝ քաղաքային տրանսպորտի, վթարային շենքերի, վերելակների և այլնի հետ կապված, փաստ է։ Բայց այս հարցերից զատ, կան նաև մի շարք խորքային խնդիրներ, օրինակ` Երևանի, հատկապես կենտրոնում խայտաբղետ դիզայնը և այլն։ Այս բոլորը հարցերը մեր ուշադրության ներքո է»,- ասել է Թարվերդյանը։
«Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավարը ընգծել է, որ ինչպես աշխարհի շատ մայրաքաղաքներ, այնպես էլ Երևանը անընդհատ կատարելագործվելու և ավելի լավը դառնալու կարիք ունի։
«Մենք հայտարարում ենք, որ պարտադիր մասնակցելու ենք ավագանու ընտրություններին, ցուցակը գլխավորելու եմ ես։ Չենք սպասելու վերջին օրվան, մինչև ընտրությունները ընկած ժամանակահատվածում աշխատելու ենք, ծրագիրը և առաջիկա անելիքները արդեն իսկ ընթացքի մեջ են, փորձելու ենք այս ընթացքում վեր հանել քաղաքին վերաբերող և մեր քաղաքացիներին հուզող մի շարք խնդիրներ»,- ասել է Թարվերդյանը։
Հարակից հրապարակումներ`
- Երվանդ Թարվերդյան. Խաղաղությունը թղթով չի սահմանվում, այն պարտադրվում է
- Հայաստանը պետք է իրականացնի բազմավեկտոր քաղաքականություն․ Երվանդ Թարվերդյան
- Երվանդ Թարվերդյանը բաց նամակ է հղել Վ. Պուտինին