Արգելվում է մասնավոր անձանց կողմից Երևան քաղաքում հրավառությունների իրականացումը. Տիգրան Ավինյան
«Այսօր ներկայացվող նախագիծը հանրային շահի գերակայության մասին է, քանի որ մեր մշակույթում շատ տարածված է, որ ծնունդներին, կնունքներին, հարսանիքներին հրավառություններ են տեղի ունենում»,-Երևանի ավագանու նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:
Ըստ փոխքաղաքապետի՝ այդ միջոցառումների մասնակիցներին հրավառությունը կարող է հաճելի լինի, բայց այն նաև կարող է տհաճություն պատճառել հարակից տարածքների հազարավոր մարդկանց:
«Ներկայացվող նախագծով Երևանում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, ինչպես նաև դրանց պայմանները և պահանջներն են սահմանվում»,-հայտնեց Ավինյանը և շարունակեց. «Ըստ էության, նախագծով արգելվում է մասնավոր անձանց կողմից Երևան քաղաքում հրավառությունների իրականացումը և սահմանվում է, որ դրա համար կա երկու վայր՝ Հանրապետության հրապարակը, Ազատության հրապարակը և դրանց կից տարածքները՝ միայն տոն օրերին և ՏԻՄ համաձայնությամբ»:
Նա տեղեկացրեց, որ բացառության կարգով Երևանի քաղաքապետին լիազորություն է տրվում հատուկ միջոցառումների համար նախագծում հիշատակված երկու հրապարակներից դուրս հրավառություն անցկացնելու թույլտվություն տալ, բայց այն էլ անսահմանափակ չէ և հրավառության վայրերը և պայմանները կանոնակրգվում են:
«Բայց մենք հանրության համար կարևոր իրադարձությունների ժամանակ կտեսնենք հրավառություններ և ստիպված չենք լինի բոլորի ծնունդներին, կնունքներին և հարսանիքներին մենք բոլորս անձամբ, մեր երեխաների հետ մասնակից լինել»,-ասաց Ավինյանը և տեղեկացրեց, որ ընդունվել է օրինագիծ, որով կարգելվի դրանց ներմուծումը:
Ավագանու անդամների խնդրանքով պարզաբանվեց, որ հրավառություն կազմակերպելու համար օրենքով սահմանված է 300 հազար դրամից մինչև 2 մլն դրամ տույժ:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր 7-րդ անգամ եմ հորդորում լռել, մանկապարտեզի տնօրեն չեմ. Հրաչյա Սարգսյանը՝ ավագանու անդամներին
- Աստված մի արասցե, եթե մութ ուժերը հետ են գալիս. Տիգրան Ավինյան
- Երևանի ավագանու որոշմամբ քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն նվազեցվեց 14,2 մլրդ դրամով
- Ես էլ իմ քարտն եմ կորցրել, բայց նորը տրամադրել են. Հրաչյա Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին