«Սիրիայի հետ պետք է համագործակցել». թուրք գեներալ
Թուրքիայի ԶՈւ պահեստազորի գեներալ Ահմեթ Յավուզն անդրադարձել է թուրք-սիրիական սահմանային հատվածներում տեղի ունեցող լոկալ ռազմական գործողություններին, գրում է Էրմենիհաբերը։
Ըստ Յավուզի՝ Սիրիայի սահմանին Թուրքիայի համար ռիսկերը մեծանում են, և Անկարայի կողմից Սիրիայի հյուսիսի որոշ շրջաններում տեղակայված քրդական ուժերին ավիահարվածներ հասցնելը չի կարող լուծել խնդիրը,
«Այս ժամանակավոր կառույցը կշարունակի ռիսկային լինել, եթե սիրիական պետությունը չուժեղացնեն ու այդ շրջանների տերը չդարձնեն: Եթե ճնշեք էլ, (նկատի ունի Սիրիայի հյուսիսի քրդական կազմավորումներին-խմբ.) կրկին գլուխ են բարձրացնելու: Քանի որ այնտեղ պետության իշխանությունը չճանաչող մի շարք խմբավորումներ կան՝ PYD/YPG (քրդական-խմբ.) ÖSO (Անկարայի հովանավորյալ «Սիրիայի ազատ բանակ»), HTŞ (Իրանի կողմից հովանավորվող շիական զինված խմբավորում): Քանի դեռ այդ խմբավորումներն այնտեղ են, Թուրքիայի անվտանգային կարիքներն անգամներով աճելու են»,- ասել է Յավուզը:
Թուրք գեներալը մեկնաբանել է նաև նախագահ Էրդողանի հայտարարությունն առ այն, որ թուրքական բանակի օդային գործողությունների հետևելու են նաև ցամաքային գործողությունները: Ըստ Յավուզի՝ հնարավոր է՝ իսկապես այս պահին գետնի վրա այդպիսի կարիք կա, սակայն դա ժամանակովոր ազդեցություն ունեցող քայլ է և ռազմավարական առումով անարդյունք:
Կրկին շեշտելով, որ անհրաժեշտ է հզորացնել սիրիական պետությունը՝ թուրք գեներալը այնուամենայնիվ խոսել է հօգուտ թուրքական զորքի Սիրիայում մնալու օգտին, ինչը, սակայն, պետք է ամրագրված լինի Սիրիայի հետ պայմանագրով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ից Թուրքիայի բանակի օդուժը հարվածել է Իրաքում ու Սիրաիայում տեղակայված քրդական ուժերի դիրքերին։ Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է 89 թիրախ։
Նոյեմբերի 20-ին ու 21-ին էլ թուրքական լրատվամիջոցները հաղորդեցին համապատասխանաբար հարավային Քիլիս շրջանի ու Գազիանթեփ նահանգի Քարաքամըշ շրջանի ուղղությամբ քրդական խմբավորումների կողմից հրթիռներ արձակվելու մասին:
Քարաքամըշում հրթիռակոծման հետևանքով հաղորդվել է 3 քաղաքացիական անձի զոհվելու մասին: Նույն օրը երեկոյան էլ քրդական կազմավորումները (թուրքական կողմի պնդմամբ «Քուրդիստանի բանվորական կուսակցության»-PKK-ՔԲԿ կամ Անկարայի կողմից դրա սիրիական ճյուղավորումը համարվող «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերի» (YPG/ԺԻՈւ) նռնականետերի օգտագործմամբ հարվածել էին սահմանային Քիլիս քաղաքի ոստիկանության հատուկջոկատայինների տեղակայման վայրին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին