«Հրապարակ». Աննա Գրիգորյանը դուրս է եկել «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը մոտ 2 ամիս է՝ չի շփվում կուսակիցների` «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամների հետ։ Մեզ ասացին՝ Աննային հեռացրել են կուսակցությունից, որովհետև Վահե Հակոբյանը դժգոհ է նրանից, համարել է, որ նա պետք է իր բոլոր քայլերը համաձայնեցնի իր հետ, ինչը նա չի արել։ Աննա Գրիգորյանն այս օրերին ԱԺ պատվիրակության կազմում գործուղման է մեկնել Մադրիդ, այն պատվիրակության կազմում, որտեղ են նաև Վահագն Ալեքսանյանն ու Անդրանիկ Քոչարյանը:
Մենք կապվեցինք նրա հետ, և նա հաստատեց, որ հեռացել է այն կուսակցությունից, որի քվոտայով` դաշինքի կազմում մտել էր խորհրդարան: Չհերքեց նաև, որ տարաձայնություններ են եղել իր և կուսակցության ղեկավարության միջև, որի պատճառով էլ կապը խզվել է: Ասաց նաև, որ իրեն չեն հեռացրել, ինքն է հեռացել։
«Ես՝ անձամբ, և Արթուր Սարգսյանը միասին դիմում ենք գրել կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ։ Ավելին՝ նաև Առուշ Առուշանյանը։ Այսինքն՝ ամբողջ Սյունիքի թևը դուրս է եկել կուսակցությունից»,- ասաց Գրիգորյանը՝ խոստանալով ավելի մանրամասն խոսել, երբ վերադառնա Հայաստան։
Խոսեցինք նաև կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հետ: Նա ասաց, որ դադարեցրել են Աննա Գրիգորյանի ու Արթուր Սարգսյանի անդամակցությունը կուսակցությանը: «Իրենց առաջարկվել է` դիմում գրեն, դուրս գան, իրենք էլ գրել` դուրս են եկել, ինչպես եղավ Մանվել Փարամազյանի դեպքում»,- ասաց Վահե Հակոբյանը:
Նշենք, որ Աննա Գրիգորյանն առաջին անգամ պատգամավոր էր դարձել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով՝ 2020թ. դեկտեմբերին, երբ Սյունիքից ընտրված Տիգրան Կարապետյանը մանդատը վայր դրեց: Սակայն մինչ խորհրդարան մտնելն արդեն հայտարարել էր, որ դուրս է գալու «Իմ քայլից» և հանդես է գալու որպես ընդդիմադիր հայացքներով անկախ պատգամավոր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա