Մեր տրամադրությունը հոբելյանական չէ. Փաշինյան
Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթաժողովը։ Ելույթում Նիկոլ Փաշինյանն ասաց, այսօր ավարտվում է ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանը։
«Այս շրջանը շատ հագեցած էր. մենք նշեցինք Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակը և ՀԱՊԿ 20-ամյակը։ Չնայած այս հոբելյաններին, մեր տրամադրությունը, ցավոք, ամենևին էլ հոբելյանական չէ։ Վերջին երկու տարիների ընթացքում ՀԱՊԿ անդամ Հայաստանը երեք անգամ Ադրբեջանի կողմից ենթարկվել է ագրեսիայի։ Տխուր է, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին հետ չպահեց Ադրբեջանին ագրեսիվ գործողություններից, և առավել ևս այն, որ, ըստ էության, մինչև այսօր մենք չենք կարողացել որոշում կայացնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային ՀԱՊԿ-ի արձագանքի վերաբերյալ»,-շեշտեց նա։
Ն.Փաշինյանը նշեց, որ այս ամենը մեծ վնաս է հասցնում ՀԱՊԿ իմիջին թե՛ Հայաստանի ներսում, թե՛ դրսում։
«Ես սա համարում եմ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հիմնական ձախողումը։ Նույնը կարող եմ ասել մեր դաշնակիցների՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին էսկալացիայի փաստերի մասին»,-նշել է նա։
Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը նշել է նաև Հայաստանի նախագահության ընթացքում կազմակերպության հաջող գործողությունները, օրինակ ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ այս տարվա հունվարին երկրում օրինականությունը վերականգնելու հարցում իրենց աջակցելու կոչին։
«Այս դեպքում մենք խնդիրը լուծեցինք մեկ գիշերվա ընթացքում, ինչը թույլ տվեց Ղազախստանին խուսափել ներքին քաոսից»,- ասել է նա։