Լևոն Շանթի «Հին աստվածները»՝ Վաչե Շարաֆյանի «Ձգողականություն» բալետի հիմքում
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 1-ին և 2-ին տեղի կունենա Վաչե Շարաֆյանի «Ձգողականություն» երկու գործողությամբ բալետային ներկայացման պրեմիերան, ըստ Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի:
1909 թվականին Լևոն Շանթի գրած այս դրաման 21-րդ դարում արդեն բալետի լեզվով կփորձի պատասխանել մի շարք հարցերի, որոնք և 20-րդ դարասկզբում, և այսօր արդիական են։
Վաչե Շարաֆյանը, ով հետևում է օպերայի և բալետի թատրոնի բեմում ընթացող փորձերին, Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ միշտ էլ ունեցել է «Հին աստվածներ» դրաման բալետի լեզվով ներկայացնելու մտադրություն։
«Բայց անհնար կլիներ, եթե առաջարկ չստանայի ամերիկահայ Կատյա Քուշերյանից։ Մի օր նամակ ստանա նրանից, ով մեծ ցանկություն հայտնեց, որ Լևոն Շանթի «Հին աստվածները» դառնա բալետ, և առաջարկեց ինձ դա անեմ։ Դրդիչ ուժը նա եղավ։
Իսկապես, «Հին աստվածները» պահանջում է բալետի լեզուն։ Գրականագետ Կատյա Քուշերյանը ճիշտ կռահել էր, որ հենց բալետ պետք է լինի։
Վերնագիրը դարձավ «Ձգողականություն» համապատասխանեցնելով Նարինե Գրիգորյանի գաղափարին։
Բնության մեջ կան ձգողականության ուժեր, որոնք դրդիչ ուժ են դառնում ամեն ինչի համար՝ և սիրո, և մարդկային հարաբերությունների և իսկապես այս ստեղծագործության մեջ դա որոշիչ ֆակտոր է»,- ասաց կոմպոզիտորը։
Նա պատմեց, որ բալետը գրվել է տարիներ առաջ, բեմադրության փորձեր են տարվել բալետմայստեր Վիլեն Գալստյանի հետ, լրիվ այլ բեմադրություն էր լինելու։
«Դրանից հետո շատ բաներ փոխվեցին Հայաստանում, աշխարհում։ Բալետն այսօր բեմ է դուրս գալիս լրիվ այլ մեկնաբանությամբ, նորովի։ Ինչ-որ տեղ զգում եմ, որ վերևից իր ձեռքն էլ կա, որ հենց այսպես լիներ, միշտ ասում էր՝ երիտասարդ լինեի, ինչեր կանեի այստեղ»,- ասաց Վաչե Շարաֆյանը։
Լիբրետոյի և գեղարվեստական գաղափարի հեղինակ ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանի մտահղացմամբ մեկ դար առաջ գրված ստեղծագործությունն արդիականացվել է։
«Յուրաքանչյուր նյութ պետք է արդիականացնել և եթե այն ունի այդ պոտենցիալը, ուրեմն այն համամարդակային է և ժամանակից դուրս։ Իսկ մեր գրականությունն այնպես է»,- ասաց կոմպոզիտորը։
Վաչե Շարաֆյանը երեք բալետի հեղինակ է: «Հին աստվածներ»-ը երկրորդ բալետն է: Առաջին բալետը՝ «Երկրորդ լուսինը», գրել է 2013 թվականին Իտալիայում, հոգևոր ուսուցիչ, կոմպոզիտոր, պարուսույց և փիլիսոփա Գեորգի Գյուրջիևի մասին է։ Կոմպոզիտորը հույս ունի մի օր այս բալետն էլ բեմ կբարձրանա, բեմադրելու մտահղացումներ կան։
Երրորդ բալետը՝ «Անապատի հարսը», հիմնված է բանաստեղծուհի Սոնա Վանի ինքնակենսագրական ստեղծագործությունների վրա: Այն կապված է Հայոց ցեղասպանության թեմայի հետ։ Սյուիտի պրեմիերան եղել է Կանադայում 2022 թ. ապրիլի 23-ին։ Հուսով է, որ այս ստեղծագործությունն էլ բեմ դուրս կգա Հայաստանում արդեն բալետի տեսքով։
«Ձգողականությունը» Վաչե Շարաֆյանի առաջին բալետն է հայաստանյան բեմում։ Նա համոզված է, որ գեղեցիկ, անսովոր մի բան են հանձնելու հանդիսատեսի դատին։
Ի՞նչն է գրավել դերասանուհի, ռեժիսոր, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանին, որ թատրոնից «անցում է կատարել» բալետ։ Այս հարցին նա էլ պատասխանեց. «Գայթակղությունը, որ ձգեց ինձ դեպի այս ստեղծագործությունը, այս ամենը, նոր բան հայտնագործելու հնարավորությունն էր. և ես եմ շատ բան սովորում, երևի ես էլ իմ՝ ավելի շատ թատերական, դրամատիկ մոտեցումն եմ բերում»։
Նա ասաց, որ չի ուզում 21-րդ դարում պատմել «Հին աստվածներից»։
«Որպես այսօրվա մարդ, կարծում եմ, հիմա մենք ավելի ուրիշ խնդիրներ ունենք, ավելին՝ Հայաստանը հիմա պետք է շատ միասնական լինի և նաև հավատի մեջ։ Դրա համար առանցքը մի փոքր փոխվեց։
Հզոր պիես է, Լևոն Շանթը մեր լավագույն դրամատուրգն է ինձ համար։ Բայց քանի որ առանցքը փոխվել էր, «Հին աստվածներից» դարձել էր այն բնությունը, որը պատմում է Աստծո մասին, որը հուշում է Աստծո մասին, ոչ թե որը երկրպագում են։
Բալետի համար վերնագիր ընտրեցի «Ձգողականություն»՝ նախ, թե ինչպես է աբեղան գրկելով թաց կին, սկսում ձգվել, որովհետև իր ամբողջ բնությունն արթնանում է, սկսում է ձգվել դեպի իր բնությունը, ձգողականությունը նաև բնության ուժն է, որը ձգում է։ Ինձ թվաց՝ այդպես գրավիչ է ու այն մասին է, ինչի մասին ուզում եմ պատմել։ Պարի մեջ էլ կա ձգվել, վանել, դիմադրել։
Մենք չպետք է դնենք՝ սեր, թե հավատ, սա, թե սա։ Ոչ, բնությունը ուղղակի այդ երկուսի ներդաշնակությունն է, որ կարողանա մարդ արարածը, ապրելով մարդկանց մեջ, լինի խոր հավատացյալ և վանական, բայց մարդկանց մեջ»,- ասաց վաստակավոր արտիստը։
Նարինե Գրիգորյանն ընդգծեց, որ մարդ պետք է միշտ կարողանա բազմաթիվ հակասությունները հավասակշռել իր մեջ, որպեսզի չընկնի ծայրահեղությունների մեջ, իսկ մենք շատ ենք ընկնում ծայրահեղությունների մեջ։
Բեմադրության երաժշտական ղեկավարը և դիրիժորը ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյաննն է, բեմադրության և զգեստների նկարիչը՝ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանը:
Բալետը համաշխարհային պրեմիերա է, քանի որ ներկայացման բեմադրությունն ամբողջովին նոր է և առաջին անգամ է բեմադրվում։
Ներկայացման հիմքում Լևոն Շանթի «Հին աստվածներ» պիեսն է: Աբեղան փրկում է նավակից ջուրն ընկած աղջկան: Կնոջը գրկած վանականը չի կարողանում մոռանալ թաց մարմինը, ծովի հետ կռիվը, բնության տարերքը... Բնությունը ձգում է նրան: Աբեղան կանգնում է երկընտրանքի առաջ՝ ասկետիկ կյանք, թե՞ լիարժեք կյանքով ապրելու անհագ ցանկություն... Միաբանությունն ուզում է նրան ետ պահել մեղավոր քայլից. «...այն անդամը, որ քեզի կգայթակղեցնե, կտրե ու դուրս նետե քեզմե...»: Իսկ բնությունը կանչում է... Վանահայրը իր սրտի ցանկությունը խեղդում է մտքի, կամքի ուժով և որոշում է քանդել նորաստեղծ եկեղեցին ու շինել նորը... Միտք, թե՞ սիրտ, լույս թե՞ խավար՝ այս ընտրության մեջ մարդ հաճախ ընկնում է ծայրահեղության մեջ՝ չտեսնելով, որ Աստծո ստեղծած բնությունը հենց հակադրությունների միասնությունն է...
«Ձգողականություն» բալետային ներկայացման փորձն ու հարցազրույցներն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին