ՄՊՀ. «Սև ուրբաթ»-ի ժամանակ կիրառվող զեղչերին առնչվող խախտումներից ձեռնպահ մնալ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին «Սև ուրբաթ»-ի ժամանակ հաճախակի կիրառվող զեղչերի և ակցիաների ընթացքում խստիվ պահպանել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները:
Հանձնաժողովից հիշեցնում են, որ այս տարվա հուլիսի 31-ից ուժի մեջ են մտել Հանձնաժողովի նախաձեռնությամբ ընդունված ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքները, որոնցով կարգավորումներ են սահմանվել զեղչերի և այլ ակցիաների համար:
Ըստ այդմ՝
.ապրանքի կամ ծառայության գինը զեղչվում է նախորդ ամսվա միջին գնից,
.ակցիա իրականացնողն ապահովում է միջին եւ զեղչված գների միաժամանակյա տեսանելիությունը սպառողի համար,
.միջակայքով զեղչի դեպքում առավելագույն շեմով զեղչը կիրառվում է ակցիային մասնակցող ապրանքների կամ ծառայության առնվազն 1/5-րդի նկատմամբ: Օրինակ՝ եթե հայտարարվում է 20-70% կամ մինչեւ 70% զեղչ 100 ապրանքի համար, դրանցից առնվազն 20-ը պետք է զեղչվի 70%-ով,
.զեղչերի եւ այլ ակցիաների իրականացման առավելագույն ժամկետը 3 ամիս է,
.ակցիա իրականացնողը չի կարող ապրանքի հետ նվեր տալ՝ միաժամանակ տվյալ ապրանքի գնի այնպիսի բարձրացում իրականացնելով, որով նվերի գինը մասնակի կամ ամբողջությամբ կներառվի այդ գնի մեջ,
.նոր պահանջներ են սահմանվել նաև ակցիաների իրազեկման համար, մասնավորապես պարտադիր պետք է նշվի ակցիայի բնույթը, մեկնարկի և ավարտի օրերը և այլն, իսկ ակցիայի պայմանների վերաբերյալ հրապարակման բովանդակության ամենամեծ և ամենափոքր տառաչափերի տարբերությունը չի կարող երկու անգամից ավելի լինել:
ՄՊՀ-ից հայտնում են՝ օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող ակցիայի իրականացումը կարող է հանգեցնել անբարեխիղճ մրցակցության, որի դեպքում կարող է նշանակվել տուգանք տնտեսավարողի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչեւ 5 %-ի չափով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան