Փաստաբան. Գլխավոր դատախազությունում պետք է զբաղվեն ոստիկանությամբ
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է.
«Ոստիկանության վերջին հերոսության ֆոնին որոշեցի ստուգեմ վարչական դատարանում ոստիկանության հայցերի վիճակագրությունը։ Կան բավարարված հայցեր, որոնք վերաբերում են ռեալ իրավախախտման դեպքերի, օրինակ` անսթափ վարորդների կողմից ոստիկանների պահանջներին չենթարկվելը։
Ինչ վերաբերում է հավաքների ժամանակ ոստիկանության «օրինական» պահանջներին, ամենաթարմ 3 տասնյակ դատական ակտերով հայցերը մերժվել են հարյուր տոկոսով։ Մնացածները դեռ կստուգեմ։
Երկու միտք է գալիս.
1. գլխավոր դատախազությունում պետք է զբաղվեն ոստիկանությամբ
2. անձանց հավաքների ազատությունը սահմանափակելու, ոստիկանության մարդկային ռեսուրսը մսխելու, պետական տուրքերի և պատասխանողների փաստաբանական ծախսերի գումարները ոստիկանության բյուջեից վատնելու, վարչական դատարանը ակնհայտ անհիմն հայցերով ծանրաբեռնելու համար մի քանի հոգի պիտի նստեն, որ համակարգը խելքը գլուխը հավաքի»։