«Ժողովուրդ». Առողջապահության իրավաբան նախարարը իր ոչ պրոֆեսիոնալ մոտեցմամբ հարցականի տակ է դնում առողջապահական ոլորտը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ Առողջապահության նախարարությունը 2022 թվականի ապրիլի 7-ի Կառավարության որոշման համաձայն՝ միաձուլման ձեւով վերակազմակերպեց երկու անհամատեղելի կառույցների՝ «Մաշկաբանության ազգային կենտրոն» եւ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ները՝ ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող Այրվածքաբանության ազգային կենտրոնի տարածքը տրամադրել Պետական առողջապահության գործակալությանը (ՊԱԳ)-ին, իսկ Այրվածքաբանության ազգային կենտոնը նախատեսվում է տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ տեղավորելով մի հարկում:
Գլխավորն այն է, որ նախարար Ավանեսյանի սրտի ֆինանսիստը՝ ՊԱԳ ղեկավար Ահարոն Բարսեղյանը, ունենա առանձին մասնաշենք: Հիշեցնենք, որ Բարսեղյանը այստեղ է տեղափոխվել աշխատանքի Անահիտ Ավանեսյանի մայրիկին պատկանող տարածքում գտնվող «Վիգմոր» կլինիկայի ֆինանսիստի հաստիքից: Իսկ նախարարն ամեն ինչ անում է՝ հրապարակավ ապացուցելու, թե «Վիգմոր» կլինիկայի հետ որեւէ առնչություն չունեն ընտանքով:
Ինչեւէ, դառնալով կայացված որոշմանը՝ նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը բազում դժգոհություններ է ստացել այն մասին, որ Առողջապահության նախարարության անհեթեթ որոշման արդյունքում կրճատվում է աշխատակիցների հաստիքացուցակը եւ ավելանում է գործազրկությունը:
Ամեն դեպքում, խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց կողմերի հետ՝ հասկանալու, թե ինչպես պետք է մեկ հարկաբաժնում կազմակերպվի մի հսկա կառույցի աշխատանքը: Այրվածքաբնության ազգային կենտրոնի տնօրեն Արթուր Բերբերյանն ասաց, թե. «Բոլոր հարցերով դիմեք Առողջապահության նախարարություն»: Իսկ, ահա, «Մաշկաբանության ազգային կենտրոնի» տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ շարունակում են կատարել իրենց մասնագիտական պարտականությունները, ավելին ասել չի կարող:
Այսպիսով՝ ՀՀ առողջապահության իրավաբան նախարարը իր ոչ պրոֆեսիոնալ մոտեցմամբ եւս մեկ անգամ հարցականի տակ է դնում առողջապահական ոլորտի երկու կարեւոր ուղղությունների գործունեությունը՝ արդյունքում խառնաշփոթ ստեղծելով առողջապահական ոլորտում:
Հիշեցնենք, որ նախարար Անահիտ Ավանեսյանն առողջապահական ոլորտի հետ որեւէ առնչություն չունի: Ավելին՝ Կառավարության որոշման մեջ անգամ մեկ նախադասությամբ ընդգծված չէ, թե ինչ է լինելու «Մաշկաբանության ազգային կենտրոնի» ճակատագիրը: Բայց սա չի խանգարում, որ լայն ժպիտով գնա, կանգնի եւ լուսանկարվի ճապոնացիների կողմից նվեր ուղարկված շտապօգնության մեքենաների ֆոնին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա