Լսողության վերականգնման բացառիկ վիրահատություն՝ Հայաստանում
«Շենգավիթ» ԲԿ֊ում Հայաստանում առաջին անգամ իրականացվեց խխունջային ներպատվաստում՝ ավստրիական հայտնի «MED EL» ընկերության իմպլանտի օգտագործամբ։ Այս մասին տեղեկացնում են «Շենգավիթ» ԲԿ-ից։
«Վիրահատությունն իրականացվել է ՌԴ ֊ից հատուկ հրավիրված մասնագետ, հայտնի ԼՕՌ վիրաբույժ, պրոֆեսորԴիաբ Հասան Մուհամեդ Ալիի և «Շենգավիթ» ԲԿ գիտական գծով գլխավոր տնօրենի տեղակալ, բ․գ․դ․ պրոֆեսոր, ԼՕՌ վիրաբույժ, քիթ֊կոկորդ֊ականջաբանության գծով ՀՀ ԱՆ խորհրդատու Արթուր Շուքուրյանի կողմից։
Ի տարբերություն նախորդ նման սարքերի` սա սարքից բացի չունի հավելյալ կապող օղակներ: Սրա մեջ ընդգրկված է կոմպյուտերային ողջ պրոցեսորը, որի օգնությամբ ձայների փոփոխություն է կատարվում, և հիվանդը կարողանում է լսել:
Այս սարքն իր տեսակով արտաքնապես ավելի պարզ, սակայն էլեկտրոնային բաղադրությամբ ավելի մեծ նշանակության սարք է: Այն նաև հնարավորություն է տալիս հենց վիրահատության ժամանակ ստուգել, թե արդյոք պացինետը սարքի տեղադրումից հետո կարող է լսել, թե ոչ։
Վիրահատվեցին երկու պացիենտ՝ 14 և 53 տարեկան, որոնցից առաջինը 3 տարեկանից տառապում է խլությամբ, իսկ երկրորդը արդեն 2 տարի ունի խլություն՝ անհայտ պատճառի:
Վիրահատության բարեհաջող ավարտից անմիջապես հետո ստուգվեցին պացիենտների լսողությունը։
Արձանագրվել է՝ երկուսն էլ լսում են։
Վիրահատությունից մեկ ամիս անց արդեն աուդիոլոգը ներպատվաստված իմպլանտը կմիացնի պրոցեսորին և պացիենտները կկարողանան լիարժեք լսել։
Ի դեպ՝ հայտնի վիրաբույժի հետ հրավիրված էին «MED EL» ընկերության աուդիոլոգ Անդրեյ Իզոսիմովը և «MED EL» ընկերության փոխնախագահ Ալեքսեյ Իլչենկոն։
Նման բարդ վիրահատությունները բավականին թանկ են։ Վիրահատության բոլոր ծախսերը հոգացել է «Շենգավիթ» ԲԿ տնօրինությունը։
Խխունջային ներպատվաստումը Հայաստանում ունի արդեն 18 տարվա պատմություն: «Շենգավիթ» ԲԿ նպատակն է նվազեցնել խլությամբ տառապող պացիենտների քանակը Հայաստանում»,- ասվում է հաղորդագրությունում: