Ռուսաստանը կշարունակի աշխատել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Զախարովա
Մոսկվան ելնում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների դրույթները խստորեն պահպանելու անհրաժեշտությունից, ներառյալ՝ այս տարվա հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթնաժողովի արդյունքներով դրա չօգտագործման կամ օգտագործման սպառնալիքի մասին պայմանավորվածությունները։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում Բաքվի կողմից եռակողմ համաձայնագրերի կոպիտ խախտումներին և ինչպես է նախատեսում հասնել դրանց իրականացմանը։
Նա նշել է, որ կարևոր են համարում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի սրման։
«Ռուսաստանը կանոնավոր շփումներ ունի երկու կողմերի հետ և՛ քաղաքական մակարդակով, այդ թվում՝ պետությունների ղեկավարների, արտգործնախարարների, և՛ խաղաղապահ զորախմբի և ԱԴԾ սահմանային ծառայության միջոցով՝ զինված միջադեպերը կանխելու նպատակով»,- նշել է Մ.Զախարովան՝ պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է սպառնալ Հայաստանին, չնայած Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությանը՝ զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից։
Զախարովան ընդգծել է նաև, որ Ռուսաստանը կշարունակի աշխատել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ ի շահ Հարավային Կովկասում խաղաղության վերականգնման։