Բաքվում գտնվող Իգոր Խովաևը քննարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը. Զախարովա
Խաղաղության պայմանագրի թեման, ինչպես և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ հարցեր, շատ բարդ և զգայուն բնույթ են կրում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք նպատակահարմար չենք գտնում մեկնաբանել կողմերի դիրքորոշումները նախքան կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելը»,- ընդգծել է նա։
Զախարովան հիշեցրել է նաև, որ նոյեմբերի 14-ին Երևանում էր ՌԴ արտաքին գործերի նախարարության հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստող հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը, որը մի շարք խորհրդակցություններ է անցկացրել Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ։
«Այժմ նա Բաքվում է՝ ադրբեջանական կողմի հետ հանդիպելու համար։ Այդ շփումների ընթացքում քննարկվում են նաև խաղաղության պայմանագրի հարցերը»,- հավելել է նա։