Արխիվում այդ ի՞նչ թուղթ կա, որ պետք է այսպես հրատապ ռեժիմով որոշվի, որ պետք է վերացվի. Արթուր Խաչատրյան
Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված 5 հարցերի՝ առաջին ընթերցումից երկրորդ ընթերցում քննարկումն առաջարկվում է կազմակերպել 24 ժամվա ռեժիմով։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց այդ որոշման նախագիծը ներկայացնող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանից, թե ո՞րն է այդ ռեժիմով քննարկելու տրամաբանությունը. «Եթե դրանք կարևոր հարցեր էին, պետք է երկար ժամանակ տրամադրվի քննարկմանը, եթե հրատապ հարցեր էին, կառավարությունը պետք է շուտ ներկայացներ, այսինքն արխիվում այդ ի՞նչ թուղթ կա, որ պետք է այսպես հրատապ ռեժիմով որոշվի, որ պետք է վերացվի»։
Նշենք, որ օրակարգային հարցերից մեկն է՝ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինմասին նախագիծը։
Առաջարկվում է «Ազգային անվտանգության մարմինների մասին» 2001 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-294 օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով»:
2001 թ. ընդունված օրենքում գրված է. «Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում են օրենքով սահմանված կարգով»:
Ընդդիմադիր պատգամավորի հարցերին ի պատասխան Ա. Պողոսյանն որպես օրինակ բերեց ներքաղաքայիան տրանսպորտի հետ կապված նախագիծը. «Համայնքների խոշորացումից հետո անցած ժամանակահատվածում իրավակիրառ պրակտիկան ցույց է տվել, որ գործող կանոնակարգումները բավարար չեն օպերատորների ընտրությունը կազմակերպելու համար և ահա առաջարկվում է գնումների մասին օրենքի տրամաբանությամբ տալ լրացուցիչ միջավայր այս աշխատանքը կատարելու համար»։
Արթուր Խաչատրյանը նշեց, որ ինքը չի վիճարկում հարցի ոչ հրատապաությունը և ոչ էլ կարևորությունը։
«Ես պարզ տրամաբանության վրա եմ հղում կատարում. եթե հարցը հրատապ է, ուրեմն պետք է շուտ ներկայացվեր, ոչ թե սպասեիք այսպես վերջին օրվան, եթե կարևոր է՝ բավական ժամանակ տրամադրվի։ Կարևորությունը ենթադրում է խորը և համապարփակ քննարկում, հրատապությունը՝ շուտ ներկայացվի, այլ ոչ թե բերվի, ասվի՝ հենց հիմա արեք, որովհետև մի քանի օրից նոր ռեժիմ է գործադրվելու։
Եթե օրինակ եք բերում, խնդրում եմ՝ իմ բերած օրինակի վրա, մանրամասնեք՝ արխիվում այդ ի՞նչ թուղթ է, որ պետք է հենց հիմա որոշվի, որ պետք է վերացվի»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Սակայն նրա՝ արխիվին վերաբերող հարցն այդես էլ անպատասխան մնաց, Ա. Պողոսյանն ասաց, որ դրան կանդրադառնան արդեն հարցի քննարկման ժամանակ։
ԱԺ արտահերթ նիստի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին որոշման նախագիծն ընդունվեց 58 կողմ, 29 դեմ (ընդդիմադիր պատգամավորներ) ձայների հարաբերակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան