Կառավարությունը նախագահներին և վարչապետերին կզրկի ցմահ պետական պահպանության տակ գտնվելու իրավունքից
«Ինչքան էլ տարօրինակ հնչի, մենք այս փուլում ամենամեծ խնդիրը լուծել ենք՝ մեքենաների ձեռքբերման պրոբլեմի մասին է խոսքը»,-ՆԳ նախարարություն ստեղծելու օրենքի նախագծի քննարկման ժամանակ կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, որ այն լուրջ խնդիր էր, քանի որ աշխարհում մեքենաների դեֆիցիտ կա:
«Մի խնդիր կա, որը չի հաջողվում լուծել, այն է՝ կանանց ներգրավումը պարեկային ծառայության մեջ»,-ասաց գործադիրի ղեկավարը և ափսոսանք հայտնեց, որ ՄԻՊ-ը չի մասնակցում նիստին, ով պետք է նպաստեր այդ խնդրի լուծմանը:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ նաև ԱԱԾ-ի Պետական պահպանության գնդի բարեփոխում է կատարվում չզեկուցվող հարցով:
«ԱԱԾ-ից Պետական պահպանության ծառայությունն առանձնացնում ենք և դարձնում ենք առանձին մարմին, որը կլինի վարչապետի ներքո գործող»,-հայտնեց Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց, որ չզեկուցվող նախագծով պաշտոնաթող նախագահին պետական պահպանության ծառայության տրամադրման՝ նախկինում սահմանված ցմահ ժամանակահատվածը կրճատվում է մինչև 7 տարի, իսկ վարչապետի դեպքում՝ 10 տարի:
Փաշինյանն էլ հավելեց, որ անհրաժեշտության դեպում պաշտոնները թողնելուց հետո երկրի առաջին դեմքերի պետական պահպանության ծառայութունը կարող է երկարացվել:
ՊՊԾ-ն վարչապետի ենթակայության տակ բերելու որոշումը Փաշինյանն ազգային անվտանգության ոլորտի բարեփոխում գնահատեց՝ հիմնավորելով, որ ԱԱԾ-ն այսուհետ կզբաղվի իր հիմնական գործառույթներով, որոնցից առաջինը հակահետախուզությունն է:
«Ուզում էի ասել գոհունակությամբ, բայց՝ ոչ այդքան գոհունակությամբ, պետք է ասել, որ Հակահետախուզության առումով ԱԱԾ-ն վերջին շրջանում աննախադեպ հաջողություններ ունի»,-հայտարարեց գործադիրի ղեկավարը:
Նա հավելեց, որ բացահայտումների մասին հասարակությունը իրազեկվում է և շատ ցավալի համարեց, որ նման երևույթներ կան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան