Արամ Վարդևանյան. Այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանն այսօր ներկայացնելու է պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմումը։ Մամուլում օրեր շարունակ տարածվող լուրերն այսօր պատգամավորը հաստատել է ֆեյսբուքյան գրառմամբ.
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը: Այս մասին պարզ ու անկեղծ քննարկում եմ ունեցել գործընկերներիս հետ: Սա իմ անձնական որոշումն է՝ հարգելով, իհարկե, գործընկերներիս քայլերն ու գործողությունները։ Ուժերիս ներածին չափ աջակցելու եմ պատգամավոր ընկերներիս և մեր գործընկերներին։
Ես չգիտեմ՝ արդյո՞ք հնարավոր է չափել որևէ պատգամավորի գործունեության արդյունավետությունը, բայց գոնե խղճիս առաջ հանգիստ եմ. ինձ տրված մանդատը օգտագործել եմ ի շահ երկրի, փորձել եմ առավելագույնս իրացնել գիտելիքս և լիազորություններս՝ Ազգային ժողովում, Սահմանադրական դատարանում ու դրանից դուրս, եղել եմ այնտեղ, որտեղ եղել է իմ կարիքն ու մեր քաղաքական թիմը՝ հանրահավաքներից մինչև ամբիոն, քայլերթերից մինչև ազատազրկման վայրեր։
Այս ճանապարհի ընթացքում ձեռք բերած գիտելիքները, մեր հայրենակիցների խնդիրներն ու հոգսերը բարձրաձայնելու առաքելությունը մեծագույն ու անգնահատելի կենսափորձ են ինձ համար:
Մեծ պատասխանատվություն և պատիվ էր լինել ակտիվ քաղաքականության մեջ նախագահ Քոչարյանի և մեր թիմակիցների հետ:
Առանձնահատուկ ուզում եմ նշել՝ խոնարհվում եմ մեր այն հազարավոր հայրենակիցների առաջ, որոնք մեր կողքին են եղել, մեզ վստահում են, ում հետ բարդ ճանապարհ ենք անցել։ Միասին կրել ենք զրկանքներ, տեսել՝ անասելի ճնշումներ: Նրանցից շատերը ամիսներով թողել էին իրենց գործն ու հոգսերը և մեզ հետ դուրս էին եկել փողոց՝ գաղափարական պայքարի:
Ես պայքարել եմ և պայքարելու եմ՝ դեռ իրեն սպասեցնող հանգուցալուծման համար։ Հավատում եմ, որ այն չի ուշանա և հնարավոր կլինի կառուցել իսկապես անվտանգ երկիր՝ ամուր սահմաններով ու համախմբված հասարակությամբ, պահպանելով մեր Արցախը, հասնելով մեր նոր ու մեծ երազանքին։ Ինձ համար այս հարցում ոչինչ չի փոխվել և չի փոխվելու:
Այժմ վերադառնում եմ փաստաբանական համայնք. անելիք շատ կա:
Աստված պահապան մեր Հայաստանին ու մեր Արցախին»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան