Լունապարկում կարուսելի ընկնելու հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացին տուժող է ճանաչվել
Լունապարկի այգում երեկ կարուսելներից մեկի պոկվել ընկնելու հետևանքով մի քաղաքացի է տուժել։ Ոստիկանությունը հաղորդում ստանալուց հետո կազմած փաստաթղթերն ուղարկել է քննչական կոմիտե։
Կոմիտեից Panorama.am-ին հայտնեցին, որ նախաձեռնվել է վարույթ Քրեական օրենսգրքի 412 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
«Սկսվել է քննություն։ Նշանակվել են փորձաքննություններ։ Վնասվածքներ ստացած ու հիվանդանոց տեղափոխված անձը ճանաչվել է տուժող։ Քննության արդյունքում հանգամանքները կպարզվեն, իրավական գնահատականներ կտրվեն»,-ասաց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նշենք, որ Քրեական օրենսգրքի 412 հոդվածը վերաբերում է Անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցմանը, 1-ին մասը սահմանում է.
«Իրացնելու նպատակով մարդու կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումք կամ ապրանք պատրաստելը, պահելը, փոխադրելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք իրացնելը կամ այդպիսի աշխատանք կատարելը կամ ծառայություն մատուցելը, եթե այդ արարքն անզգուշությամբ մարդու առողջությանը միջին կամ թեթև ծանրության վնաս է պատճառել պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով»։