Հայաստանում 45-53 տարեկան կանայք ավելի հաճախ են ենթարկվել ֆիզիկական բռնության, հատկապես՝ դաժան բռնության. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը տարեցտարի արձանագրում է ընտանիքում բռնության դեպքերի դինամիկայի աճ։ «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ին նվիրված համաժողովին ասաց ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։
Ներկայացված տվյալների համաձայն, եթե օրինակ 2016 թվականին ՄԻՊ-ը տարեկան շուրջ 50 դիմում-բողոք էր ստանում, 2021 թվականին այդ դիմում-բողոքների թիվը հասել է 105-ի, որից 88-ի դեպքում կինն է բռնության ենթարկվել ամուսնու, նախկին ամուսնու կամ զուգընկերոջ կողմից։ Դիմում-բողոքները եղել են հավասարապես և մարզերից, և Երևանից։
Ք. Գրիգորյանի խոսքով, 2020 թվականին՝ որպես համավարակի և մեկուսացման տարի, ունեցել են ռեկորդային՝ 127 դիմում-բողոք։ Այս տարվա առաջին տաս ամիսների ընթացքում ստացել են 72 դիմում- բողոք։
ՄԻՊ-ն ասաց, որ 2021 թվականին Հայաստանում գյուղաբնակ և քաղաքաբնակ կանանց շրջանում, որոնք երբևէ ունեցել են զուգընկեր, կատարվել է քանակական և որակական հարցում, թեման վերաբերել է կանանց նկատմամբ բռնութանը։ Հարցվածների 18 տոկոսը նշել էր ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկվելու փաստի մասին. 7 տոկոսը նշել էր սեռական բռնության ենթարկվելու, 32 տոկոսը՝ հոգեբանական բռնության ենթարկվելու մասին։
Որակական ուսումնասիրությունը ցույց էր տալիս, որ 45-53 տարեկան կանայք ավելի հաճախ էին ենթարկվել ֆիզիկական բռնության, հատկապես ֆիզիկական դաժան բռնության։
Սեռական բռնության ենթարկված կանանց 42 տոկոսը ենթարկվել էր նաև ֆիզիկական բռնության։
Ֆիզիկական բռնության ենթարկված կանանց 19 տոկոսը ենթարկվել էր նաև սեռական բռնության։
Երբևէ զուգընկեր ունեցած կանանց 19 տոկոսը հղիության ընթացքում ենթարկվել էր ֆիզիկական կամ սեռական բռնության։
«Բռնարարների պրոֆիլի ուսումնասիրությունը ցույց էր տալիս, որ աշխատանք չունեցող տղամարդիկ ավելի հաճախ էին իրենց զուգընկերոջը կամ իրենց կնոջը ենթարկել ֆիզիկական կամ սեռական բռնության։ Աշխատանքի կամ վաստակի առկայությունն էական հանգամանք էր նաև, որը բնորոշում էր տուժողներին կամ զոհերին»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը։
Ի՞նչ անել։ Ըստ Ք. Գրիգորյանի, երբեք չլինել անտարբեր, «քանի որ ինչ տեղի է ունենում մեր հարևան պատից այն կողմ, մեր աչքի առաջ, մեր լսողության ու տեսողության տեսադաշտում, նաև մեր պատասխանատվությունն է»։
Իրազեկել և իրազեկվել. «Որքան ավելի շատ իրազեկում է իրականացվում, այքան ավելի շատ դիմում ենք ստանում»։
Կրթել և կրթվել. «2021 թվականի որակական ուսումնասիրությունը ցույց էր տալիս, որ որքան կանայք կրթական ավելի բարձր մակարդակ ունեն, այնքան ավելի քիչ է հավականությունը, որ նրանք կենթարկվեն ֆիզիկական բռնության»։
Կանխարգելել, արձագանքնել և հետևողականորեն պատժել. «Այս մասով պետությունը դեռ շատ անելիք ունի»։
«Գենդերային բռնությունն այնպիսի երևույթ չէ, որի դեմ չպետք է պայքարի միայն ոստիկանությունը, իրավապահ համակարգը, ՄԻՊ-ը։ Սա պահանջում է ջանքերի համատեղում, ընդ որում այդ ջանքերը, ենթադրվում են, որ պետք է համատեղվեն հասարակության բոլոր պատասխանատու անդամների կողմից»,- ասաց Քրիստիննե Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- Լոռիում թոռը սպանել է տատուն
- Մասիսում թոռը դանակահարել է տատուն
- Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը նույնիսկ այսօրվա օրհասական իրավիճակում չեն նվազում
- Կնոջը դանակահարությամբ սպանել է նախկին ամուսինը
- Գյումրիում կնոջը սպանել էր ամուսինը
- ՔԿ. Այս տարվա վեց ամիսների ընթացքում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 326 քրեական գործ
- Լոռիում արձանագրված ընտանեկան բռնություններն ավելացել են
- 6 ընտանեկան բռնություն՝ 1 օրում
- Հայաստանում մեկ օրում ընտանեկան բռնության 7 դեպք են բացահայտել
- Դատախազությունն առաջարկում է բարելավել ընտանեկան բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունը