Ընտանեկան բռնության դեպքերով գործերն ավելի հաճախ կարճվում են, քան դատարան հասնում
Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության 295 դեպք։ Panorama.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ոստիկանությունից։
2021-ին, իրավապահ մարմնի տրամադրած վիճակագրության համաձայն, գրանցվել է ընտանեկան բռնության 484 դեպք, 2020-ին՝ 536 դեպք։ Երկու տարի առաջ ընտանեկան բռնությունների նման մեծ թիվը շատերը պայմանավորում են կորոնավիրուսի համավարակի շրջանում մեկուսացմամբ։
Ընտանեկան բռնություններ առավել շատ գրանցվում են մայրաքաղաք Երևանում, ապա Շիրակում, Արմավիրում, Կոտայքում, Արարատում։ Ավելի հաճախ ընտանեկան բռնություն կիրառում են ամուսիներն ու նախկին ամուսինները կանանց նկատմամբ։
Այս տարվա ընթացքում ամուսնու կողմից բռնության է ենթարկվել 60 կին, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ բռնության երկու դեպք է գրանցվել։ Քիչ չեն դեպքերը, երբ ծնողները զավակների բռնության զոհ են դառնում և հակառակը՝ ծնողների բռնությունից տուժում են երեխաները։
Չնայած անցած տասն ամիսներին ընտանեկան բռնությունների թիվը մոտենում է 300-ի, ընթացիկ տարում դեպքերի առթիվ նախաձեռնվել է 100 քրեական վարույթ, 30-ն ուղարկվել է դատարան, 70-ը՝ տարբեր հիմքերով կարճվել։
Ըստ պաշտոնական վիճակագրության, ընտանեկան բռնություններից մեկն ավարտվել է մահվան ելքով։ Անցած տարի ընտանեկան բռնություններից չորսը ողբերգական ավարտ էին ունեցել։
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հանրային կապերի պատասխանատու, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը Panorama.am-ի հետ զրույցում ընտանեկան բռնության հետևանքով մահվան դեպքերի այլ վիճակագրություն է ներկայացնում։
«Այս տարվա ընթացքում տասը կին է սպանվել»,-նշում է Հովհաննիսյանն ու ավելացնում, որ կոալիցիայի ֆեյսբուքյան էջում՝ «Սպանված կանայք» խորագրի ներքո հավաքագրված է սպանությունների դեպքերի վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը։
Կոալիցիայի թեժ գծին ստացված ահազանգերի թիվը վկայակոչելով՝ Հովհաննիսյանն ասում է, որ նախորդ տարիների համեմատ ընտանեկան բռնության դեպքերն ավելացել են.
«2022 թվականի առաջին կիսամյակում ընտանեկան բռնությունների վերաբերյալ քննվել է 391 քրեական գործ, իսկ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի թեժ գծին այս տարվա հունվար-օգոստոսին 4808 հեռախոսազանգ է եղել։ Այնինչ, անցած տարիներին ողջ տարվա ընթացքում էր 4000-5000 հեռախոսազանգ լինում: Համեմատության համար նշեմ, որ անցած ամբողջ տարվա ընթացքում քննչական կոմիտեն քննել է ընտանեկան բռնության վերաբերյալ 566 քրեական գործ»։
Նրա խոսքով, 2022-ին բռնությունների աճի հետևանքով ավելացել են նաև Կանանց աջակցման կենտրոնի շահառուները: Եթե նախորդ տարիներին կենտրոնը աջակցություն էր տրամադրում միջինում 300 շահառուի, այս տարի միայն առաջին կիսամյակում արդեն օգնություն է ստացել 550 կին և երեխա:
Ապաստարաններում նախորդ տարիներին բնակվում էր միջինը 60-63 կին և երեխա, այս տարի առաջին կիսամյակում ապաստարանում 91 կին և երեխա է եղել:
«Ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի համաձայն, ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց անվտանգության, պաշտպանության, նրանց իրավունքների ու շահերի պաշտպանության նպատակով ոստիկանության իրավասու ստորաբաժանումների ծառայողները կարող են պաշտպանության երկու որոշում կայացնել՝ «նախազգուշացում» և «անհետաձգելի միջամտություն»։
Ի՞նչ է անում իրավապահ մարմինը բռնությունների կանխարգելման համար։
Ըստ ոստիկանության, ընտանեկան բռնության դեպքերը կանխելու, հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով հեռարձակվել են թեմատիկ հաղորդումներ, կազմակերպվել են ասուլիսներ, հանրակրթական դպրոցներում անցկացվել են հանդիպումներ։
«Ընտանիքում բռնության կանախարգելման ու այս ոլորտում իրականացվող աշխատանքների արդյունավեության բարձրացման նպատակով ներկայում կատարվում են աշխատանքներ՝ ոստիկանության նոր համակարգի՝ բռնության գործադրած անձի նկատմամբ էլեկտրոնային հսկողություն սահմանելու ուղղությամբ, ինչը հնարավորություն կընձեռի առավել արագ արձագանքել բռնության կրկնման դեպքերին ու կանխարգելել այն։ Զուգահեռաբար ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ու ոստիկանության համագործակցության շրջանակներում նախատեսվում է իրականացնել աշխատանքներ՝ ոստիկանությունում «SAFE YOU» առցանց անվտանգ բջջային հավելվածի ներդրման ուղղությամբ»,-նշում են ոստիկանությունից։
Լուսանկարը՝ Կոալիցիայի ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում 45-53 տարեկան կանայք ավելի հաճախ են ենթարկվել ֆիզիկական բռնության, հատկապես՝ դաժան բռնության. ՄԻՊ
- Լոռիում թոռը սպանել է տատուն
- Մասիսում թոռը դանակահարել է տատուն
- Կնասպանության հերթական դեպքը՝ Խարբերդում
- «Պատկան մարմինների անգործության հետևանքով ունենք կնասպանության ևս մեկ դեպք»
- «Ո՞վ է հաջորդը». Կնասպանության դեմ բողոքի ակցիա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին