Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր…իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակ է». Հայաստանի Հանրապետության Ազգային և Արցախ Հանրապետության հերոս Մոնթե Մելքոնյան
Այսօր` նոյեմբերի 25-ին, լրանում է Մոնթե Մելքոնյանի՝ Ավոյի, ծննդյան 65-ամյակը:
Նա ծնվել է 1957 թվականին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ոչ հեռու՝ Վայսիլիա ավանում։ Դեռ փոքրուց իմացել է, որ հայ է։ Եղել է Արևմտյան Հայաստանում, ուսումնասիրել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության պատմությունը։ Մոնթեի ավարտական թեզը նվիրված է եղել Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը. թեզը պաշտպանում է 1978թվին։ Արժանանում է կրթաթոշակի՝ Օքսֆորդի համալսարանում դոկտորական պաշտպանելու համար։ Սակայն Մոնթեն Անգլիա չի մեկնում, նա գնում է Արևմտյան Հայաստան՝ Վասպուրականի ժայռափոր դամբարանները և կացարանները չափագրելու և ուսումնասիրելու համար։
1980 թվականից անդամագրվելով Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին՝ կարճ ժամանակում դարձել է նրա ղեկավարներից մեկը։ 1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվել է հայտնի Վան ռազմագործողությունը: 1981 թվականի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օռլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվել է կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով։
Նա սկզբում դատապարտվել է 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշել է վտարել նրան Ֆրանսիայից։ Դատարանում Մոնթեն հայտարարել է՝ «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն...»։ 1985 թվականին նա նորից կեղծ անձնագրով ժամանել է Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվել «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով։ Մոնթեն բանտից դուրս է եկել 1989 թվականի հունվարի 16-ին։
Հոդվածներով հանդես է եկել Փարիզի «Հայ Պայքար» և Լոնդոնի «Կայծեր» թերթերում, «Սարդարապատ» ամսագրում, նաև անգլերեն մի շարք գրքերում՝ հայոց ազգային հարցերի արդարացի պահանջի և իրավունքի մասին, որոնք լույս են տեսել Լոնդոնում։
Մոնթե Հայաստան է եկել այն ժամանակ, երբ արդեն սկսվել էր Արցախյան ազատագրական պայքարը:
1991 թվին, բանտից ազատվելուց հետո, Մոնթեն եկել է Երևան, յոթ ամիս աշխատել է Գիտությունների ակադեմիայում «Հայաստանը և հարևանները» գիրքը գրելու և հրատարակելու նպատակով։ Այստեղ նա ընդունել է Ավո կեղծանունը և 1991 թվականի սեպտեմբերին մեկնել Արցախ:
Մի քանի ծանր մարտերից հետո` 1992 թվականի հունվարին Մոնթեին հանձնարարում են Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները, Մարտունին դառնում է ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվել է Քարվաճառը, Օմարի լեռնանցքը:
Ունենալով ընկալելու մեծ շնորհք ու հնարավորություն՝ նա ռազմի դաշտում աճում էր օրեցօր։
Նրա մարտական ընկերները պատմում են, որ նա խստապահանջ էր, անզիջում կարգազանցների, վախկոտների և բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր խոչընդոտում էին իր ծրագրերը։
Իր վերջին մարտում նա խիզախորեն դիմավորել է հակառակորդի զրահաջոկատին, և միայն արկի բեկորը զրկել է նրան դիմադրությունը շարունակելու հնարավորությունից: Աղդամի և Մարտունու շրջանների սահմանագծի բարձունքների համար մարտը՝ 1993 թ. հունիսի 12, վերջինն է եղել Ավոյի համար:
Հետմահու Մոնթեն արժանացել է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Ազգային հերոսի կոչման։ Նրա անունով է կոչվում ՀՀ ռազմական քոլեջը, Երևանում և Արցախում նրա անվամբ կան դպրոցներ։ Արցախի Մարտունի քաղաքի բնակիչներն, ի պատիվ հրամանատարի, քաղաքն անվանում են Մոնթեաբերդ:
2020 թ. նոյեմբերի 25-ին Մոնթեի ազատագրած Քարվաճառը հանձնվել է թշնամուն 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հայատարարության համաձայն:
Մոնթեի համոզմունք է եղել՝ «... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Հուշեր՝ Մոնթեից
«Ավոն ընդհանրապես խմիչքի հետ սեր չուներ և չէր սիրում, երբ զինվորներն էին այն չարաշահում։
- Էլի խմո՞ւմ եք, – մոտենալով հավաքված զինվորներին՝ հարցնում է Ավոն։
- Դե, հրամանատար ջան, Ղարաբաղի թթի օղին աշխարհին է հայտնի։ Ամեն հաց ուտելուց մի բաժակ պետք է խմի ղարաբաղցին։ Միշտ էդպես է եղել. մեր պապերն էլ, պապերի պապերն էլ, երբ սեղան են նստել, թթի օղին անպակաս է եղել։
- Մեր պապերն էլ, պապերի պապերն էլ ժամանակից շուտ են խմել։ Ես անգամ պետք է խմենք վերջում ազգովի, ես էլ ձեզ հետ միասին, - ասում է Ավոն:
Նաև պատմում են.
«- Հրադադար է, տղաներ, հանկարծ չկրակեք, - պատվիրում է Մոնթեն իր զինվորներին:
- Իսկ եթե իրենք կրակե՞ն, - հարցնում է մեկը:
- Մարերը լացացրեք, - լինում է պատասխանը»։
Պարգև Սրբազանը Ավոյի մասին ասել է. «Մոնթեն անմնացորդ սիրում էր իր ազգը։ Հայ եկեղեցին մի լավ աղոթ ունի, հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի։ Կարծես Մոնթեի մասին է ասված»։
«Կար, կա, կհարատևեն՝ Անդրանիկը, Գարեգին Նժդեհը, Մոնթեն»,- այս խոսքերի հեղինակը Վազգեն Սարգսյանն է:
Հարակից հրապարակումներ`
- Վաղը Մոնթեի ծննդյան օրն է․«Ֆեյսբուք»-ում արգելափակումների խնդիրը լուծված չէ
- Մեզնից խլում են մեր հերոսներին, արգելում Մոնթեի նկարները սոցցանցերում հրապարակել... Քրիստինե Վարդանյան
- Սերժ Սարգսյանի՝ Մոնթեի շիրիմին այցի նկարը տեղադրելու համար սահմանափակվել են Աշոտյանի օգտահաշվի որոշ ֆունկցիաներ
- Մոնթեի մահվան օրը կապիտուլյանտն Ադրբեջանին հանձնեց Մոնթեի նահատակության վայր Աղդամի շրջանի քարտեզը. Էլբակյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան