Չինաստանի հարավում բնակվող չղջիկների մոտ գիտնականները մարդկությանը սպառնացող հինգ վիրուս են հայտնաբերել
Յունանի ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են հինգ «անհանգստացնող» վիրուսներ, որոնք կարող են տարածվել մարդկանց վրա: «Գազետա ռու»-ն գրում է, որ հետազոտության նախնական արդյունքները հրապարակվել են bioRxiv շտեմարանում:
Բոլոր վիրուսները զոոնոզ են, այսինքն՝ կարող են անցնել մի տեսակից մյուսը: Որպես կանոն, նման պաթոգենները վտանգ են ներկայացնում մարդկանց համար: Ինչպես նշում են հետազոտողները, վիրուսներից մեկը՝ BtSY2-ը, նմանություններ ունի SARS-CoV-2-ի հետ, ինչը մեծացնում է կենդանուց մարդուն դրա փոխանցման հավանականությունը։
«Մենք հայտնաբերել ենք հինգ տեսակի վիրուսներ, որոնք կարող են պաթոգեն լինել մարդկանց կամ անասունների համար, ներառյալ նոր ռեկոմբինանտ կորոնավիրուսը, որը նման է SARS-CoV-2-ին։ Մեր ուսումնասիրությունն ընդգծում է վիրուսների միջտեսակային փոխանցման տարածվածությունը»,-նշում են գիտնականները։
Հետազոտողները նմուշներ են վերցրել հարավային Չինաստանի Յունան նահանգում գտնվող 15 տեսակի 149 չղջիկների ուղիղ աղիքներից: Աշխատանքի ընթացքում նրանց հաջողվել է հինգ վիրուսների ԴՆԹ-ի հաջորդականություն պարզել։ Ավելին, գիտնականներին անհանգստացնում է այն փաստը, որ մեկ առանձնյակ կարող է վարակվել միանգամից մի քանի վիրուսով։
Մասնագետների կարծիքով՝ վիրուսի բռնկումների մեծ մասն առաջացել է չղջիկի հետ մարդու կամ ընտանի կենդանու շփման արդյունքում: Գիտնականները մտադիր են շարունակել վիրուսների ուսումնասիրությունը՝ ապագա համաճարակները կանխելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելցի գիտնականները հերքել են չղջիկներից կորոնավիրուսի վարակման մասին առասպելը
- Չղջիկի պատճառով օդանավը վերադարձել է Դելի
- Չինաստանում չղջիկների կենսանյութում հայտնաբերվել են SARS-CoV-2-ի հետ կապված նոր գենոմներ