Հայաստանում կանանց շուրջ 62 տոկոսը կամ գործազուրկ է, կամ չի աշխատում. ԱՍՀՆ խորհրդական
«Պետության խնդիրների ահռելի մասը դնում ենք կանանց ուսերին՝ առանց ստեղծելով դրա համար անհրաժեշտ համակարգային պայմաններ»,- «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ին նվիրված համաժողովին ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդական Վիկտորյա Այդինյանը։
«Մի կողմից ուզում ենք կանայք ավելի շատ ներգրավվեն աշխատաշուկայում, քանի որ ունեն ավելի լավ մարդկային կապիտալ, մյուս կողմից ուզում ենք կանայք ավելի շատ երեխաներ ունենան, քանի որ դա պետության առաջընթացի ու ռազմավարական կարևորություն ունի, ուզում ենք կանայք ներգրավեն բանակում, տնտեսության, քաղաքականության մեջ։ Ուստի պետք է հասկանալ, թե ինչպես տարբեր նպատակները միմյանց հետ համատեղել, որ կինն ընտրություն կատարելու հնարավորություն ունենա և ցանկության դեպքում հնարավորություն ունենա համատեղելու՝ անձնական կյանքը, աշխատանքը, ընտանիքը, հետաքրքրությունները և այլն»,- ասաց նա։
Վիկտորյա Այդինյանը տեղեկացրեց, որ վերջերս մշակել են աշխատանքի ու սոցիալական պաշտպանության ռազմավարությունը, որը ներկայացրել են հանրային քննարկման, որից հետո փոփոխություններ են կատարել։
«Մեծ բլոկ հատկացված է կանանց տնտեսական զարգացմանը, բռնության դեմ պայքարին, կանխարգելմանը և այլն, հուսով ենք՝ օրերս ռազմավարությունը կընդունվի կառավարության կողմից ու կդառնա ուղղորդիչ փաստաթուղթ»,- ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդականը։
Նա նշեց, որ զուգահեռաբար մշակում են զբաղվածության ռազմավարություն, որտեղ հենց կանանց տնտեսական զորեղացումն ու ներգրավումն աշխատաշուկայում դիտարկում են իբրև ֆինանսական կայունության, ֆինանսական անկախության կարևորագույն գործոն, որը հենց ամենաառանցքային պայմաններից է բռնության դեմ պայքարելու համար։
«Կանանց տնտեսական զորեղացումն ու ֆինանսական կայունությունը մենք չենք դիտարկում միայն անձի տեսանկյունից։ Այլևս դա կարևորագույն նախապայման է առհասարակ հասարակության, տնտեսության զարգացման համար։ Ինչո՞ւ, որովհետև կանայք ունեն ավելի լավ մարդկային կապիտալ, մասնագիտական կրթության բոլոր մակարդակներում՝ քոլեջներ, բուհեր, կանայք ավելի մեծ տոկոս են կազմում ու կանայք ընդգրկված են տնտեսության այն ճյուղերում, որոնք ունեն ավելի բարձր արտադրողականություն, այսինքն կանայք ավելի ուսյալ են, ավելի բարձր արտադրողականությամբ են աշխատում տնտեսության ճյուղերում»,- ասաց Վ. Այդինյանը։
Նա ասաց, որ կանանց աշխատանքային ռեսուրսների, այսինքն 15-ից բարձր տարիքի կանանց միայն 38 տոկոսն է զբաղված։
«Սա նշանակում է, որ կանանց շուրջ 62 տոկոսը կամ գործազուրկ է կամ չի աշխատում ու չի փնտրում աշխատանք, չի ուզում փնտրել աշխատանք։ Գործոնները, իհարկե, տարբեր են՝ սկսած համակարգային, մշակութային խնդիրներից, կարծրատիպերից մինչև, օրինակ, երեխայի կամ ընտանիքի անդամի խնամքի համար պայմանների բացակայությունը։ Հենց սրանց է միտված զբաղվածության ռազմավարությունը, որը փորձում է ոչ միայն կարճաժամկետ ծրագրերի միջոցով անդրադառնալ ու հասցեագրել այս խնդիրները, այլ ավելի համակարգաստեղծ ինստիտուտներ ստեղծելով պայքարել նաև առկա մշակութային խնդիրների ու կարծրատիպերի դեմ»,- ասաց նա։
Վ.Այդինյանի ներկայացմամբ, Հայաստանում մեծ թիվ են կազմում 15-29 տարեկան երիտասարդները, ովքեր չեն աշխատում ու չեն սովորում։ Այդ երիտասարդների մոտ 80 տոկոսը բնակվում են մարզերում։
«15-29 տարեկան կանանց շուրջ 40 տոկոսն ընկնում է այս կատերագորիայի մեջ՝ կամ չեն աշխատում, կամ չեն սովորում։ Բնական է, որ զբաղված են երեխայի կամ ընտանիքի անդամի խնամքով։ Սա է պատճառը, որ պետք է թիրախավորենք նաև ընտանիքի անդամի, երեխայի խնամքի նոր հաստատությունների ստեղծումը»,- ասաց աշխատանքի և սցոիալական հարցերի նախարարության խորհրդական Վիկտորյա Այդինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ընտանեկան բռնության դեպքերով գործերն ավելի հաճախ կարճվում են, քան դատարան հասնում
- Հայաստանում 45-53 տարեկան կանայք ավելի հաճախ են ենթարկվել ֆիզիկական բռնության, հատկապես՝ դաժան բռնության. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան