Ազգային պատկերասրահում Կոմիտասյան ոգին է թևածում
Հայաստանի Ազգային պատկերասրահում նոյեմբերի 25-ին բացվել է «Սարգիս Մուրադյան. Իմ Կոմիտասը» ցուցահանդեսը՝ նվիրված նկարչի ծննդյան 95-ամյակին: Ցուցադրությունն ընդգրկում է հանրահայտ կտավներ Ազգային պատկերասրահի հավաքածուից, ինչպես նաև Կոմիտասին պատկերող կտավներ և էսքիզները Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանից և ընտանիքի հավաքածուից։
Ցուցադրության համադրողն է Մարգարիտա Խաչատրյանը։
«Ցուցադրության առանցքային աշխատանքը «Կոմիտաս. Վերջին գիշեր» հանրահայտ կտավն է, որտեղ հայ կերպարվեստում առաջին անգամ մեծ երգահանի անձը դիտարկվում է ցեղասպանության համատեքստում: Շրջադարձային այս գործը կարելի է համարել Սարգիս Մուրադյանի ստեղծագործական ճանապարհի մեկնակետ, որը մեծ ճանաչում բերեց նրան՝ դառնալով խորհրդահայ արվեստի այցեքարտերից մեկը։
Իր ողջ կյանքի ընթացքում Սարգիս Մուրադյանը պարբերաբար անդրադարձել է Կոմիտասին այլաբանական և պայմանական մտածողությամբ, ամփոփ և ընդհանրացված ձևով պատկերել է նրան, վավերագրել ժամանակի շունչն ու ոգին՝ առանց պատմողականության ու նկարագրողականության»,- նշել են Ազգային պատկերասրահից։
«Ազգային պատկերասրահում երեկ, Կոմիտասյան ոգին էր թևածում: Շնորհալի նկարիչ Սարգիս Մուրադյանի Կոմիտասյան կտավներն էին մեզ հետ խոսում, մեզ խրատում, գոտեպնդում և մեր հավատարմության ուխտի ճանապարհը լուսավորում:
Կոմիտաս Վարդապետն անմահ է, անմահ է նաև նրան լույս աշխարհ բերած Ազգը, քանզի Ազգն այդ խորհրդական մարմինն է Քրիստոս Աստծո, մեր հարազատ Ամենազոր Արարչի, մեր Հարուցյալ ու Հաղթական Փրկչի»,- գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը։
Լուսանկարները՝ Ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջից։