
Դավիթ Իշխանյանն Իսպանիայի վարչապետին է փոխանցել Արցախի քարտեզագիրքը
Մադրիդում Սոցիալիստական Ինտերնացիոնալի 26-րդ կոնգրեսի աշխատանքներին մասնակցող ՀՅ Դաշնակցության պատվիրակությունը նոյեմբերի 26-ի առավոտյան հանդիպում և մտքերի փոխանակություն է ունեցել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ, ով նախօրեին ընտրվել է Սոցիալիստական Ինտերնացիոնալի նախագահ: ՀՅԴ պատվիրակությունը նաև շնորհավորել է Իսպանյանի վարչապետ Պեդրո Սանչեսին` Սոցիալիստական Ինտերնացիոնալի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանն Իսպանիայի վարչապետին է փոխանցել Արցախի Հանրապետության քարտեզագիրքը:
Մադրիդում շարունակվում են Սոցիալիստական Ինտերնացիոնալի 26-րդ կոնգրեսի աշխատանքները: ՀՅ Դաշնակցության պատվիրակությունը հընթացս հանդիպումներ և քննարկումներ է ունենում տարբեր երկրների սոցիալիստական և սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչների ու պետական պաշտոնյաների հետ: