Հոմերոսի «Իլիական»-ը՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի թարգմանությամբ
Այսօր Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում ժամը 15։00-ին կկայանա անտիկ աշխարհի մեծագույն բանաստեղծ, եվրոպական գրականության սկզբնավորող Հոմերոսի առաջին էպիկական պոեմի՝ «Իլիական»-ի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Հին հունարենից գիրքը թարգմանել, առաջաբանն ու ծանոթագրությունները գրել են Գոհար Մուրադյանն ու Արամ Թոփչյանը։
Հոմերոսի «Իլիական»- ը գրական անմահ կոթող է, որը մշտապես գտնվում է ինչպես
գիտնականների ու բանասերների, այնպես էլ սովորական ընթերցողի ուշադրության կենտրոնում։ «Իլիական»-ը հիացմունքի և նմանակման առարկա է եղել թե՛ անտիկ աշխարհում, թե՛ միջնադարում ու Վերածննդի շրջանում և թե՛ նոր ժամանակներում: Իբրև էպոսի անգերազանցելի նմուշ, այն շարունակում է ընթերցողին գերել ու հիացնել նաև այսօր: «Գրքերի- գիրք» տիտղոսին հավակնող «Իլիական»-ը մինչ այս արևելահայերեն թարգմանությամբ հրատարակվել է երկու անգամ՝ Համազասպ Համբարձումյանի (1955 թ.) և Մկրտիչ Խերանյանի (1987 թ.) թարգմանությամբ։ «Զանգակ» հրատարակչությունը օրեր առաջ ընթերցողի սեղանին է դրել Հոմերոսի առաջին էպիկական պոեմը հին հունարենից բնագրային թարգմանությամբ։