Ավելի շահեկան կլիներ, եթե մենք ունենայինք համաձայնագրի սեփական տարբերակ. Գևորգ Դանիելյան
«Բարդ է, երբ մենք դատողություններ ենք անում խաղաղության պայմանագրի այլ տարբերակների շուրջ, ավելի շահեկան կլիներ, եթե մենք ունենայինք սեփական տարբերակը, թե ինչն ենք ընդհանրապես խնդիր համարում, որոնք ենք դրանց լուծման իրավաչափ եղանակները»,- «Խաղաղության համաձայնագիր․ սահմանադրականության հարցն ու միջազգային իրավաքաղաքական հետևանքները» խորագրով համաժողովին ասաց իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը։
Նա նշեց, որ որպես կանոն շահառուն այն կողմն է, որը խնդիրներ ունի, ինքը տուժող կողմ է և որոշակի քաղաքական, ռազմական գործողության հետևանքով վնասներ է կրել։
«Բայց մենք հիմա քննարկելու ենք ոչ թե շահառուի տարբերակը, որն ընդհանրապես չկա, այլ վաշինգտոնյան, չգիտեմ նույնիսկ կա, թե չկա, խոսում են կա, ռուսաստանյան, արևմտյան տարբերակները։ Կա պաշտոնյա, ով ասում է՝ որևէ տարբերակ գոյություն չունի, ընդամենը կա ադրբեջանական կողմից առաջարկներ, որոնք որոշ վերապահումներով ընդունվել են։ Հայկական տարբերակի մասին մենք չենք խոսում։ Ստացվում է Հայաստանը շահառու չէ՞։ Շահառու է՝ այն էլ առաջին հերթին»,- ասաց Դանիելյանը։
Նրա խոսքով, ադրբեջանական կողմն է հանդես եկել իր առաջարկներով և միջազգային հանրությունը իսկապես կունենա տպավորություն, որ կա տուժած կողմ հանձինս Ադրբեջանի, որ ամեն անգամ ձգտում է խաղաղության, ձգտում է իր ազգային անվտանգության նկատմամբ սպառնալիքներ չլինեն, կետեր է ներկայացում, որոնք դեռևս բավարարում չեն ստանում։
«Մեր Սահմանադրության մեջ դրույթներ կան, որ, օրինակ, արտաքին քաղաքականությունը պետք է իրականացվի փոխշահավետության սկզբունքով։ Դե հիմա ինձ բացատրեք, եթե անտեսում եք Եղեռնը, Արցախի ազգային ինքնորոշման իրավունքը, էլ ի՞նչ փոխշահավետության մասին է խոսքը։
Դուք ընդամենը խոսում եք այն ճանապարհների մասին, որոնք միացնում են Ադրբեջանը Նախիջևանին։ Ի դեպ, Նախիջևանը բլոկային մեջ չէ, Թուրքիայի հետ կապ ունի։ Բլոկադայի մեջ է Արցախը»,- ասաց Գ.Դանիելյանը։