Հնարավոր է՝ «Ֆեյսբուք»-ը ոչ մի լուծում էլ չտա․ Փորձագետը՝ արգելափակումների մասին
Արդեն մի քանի տարի է Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անվան հետ կապված գրառումների կամ հրապարակված լուսանկարների պատճառով «Ֆեյսբուք»-ը օգտահաշիվներ է արգելափակում։ Անկախ «Ֆեյսբուք»-ի կողմից կիրառվող «պատժամիջոցներին», նոյեմբերի 25-ին՝ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, քաղաքացիներն ակտիվ գրառումներ կատարեցին։ Իսկ թե ի՞նչ հետևանքներ են այն ունեցել կամ քանի օգտահաշիվ է փակվել Panorama.am-ը զրուցել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։
Մասնագետի խոսքով ՝ Մոնթ Մելքոնյանի ծննդյան օրը կամ առհասարակ մեր ազգային հերոսի անվան կամ լուսանկարով գրառումների համար բավականին շատ օգտահաշիվներ են փակվում։ Ստույգ տվյալներ չկան,թե քանի հաշիվ է փակվել, քանի որ արգելափակումը կարող է լինել նույնիսկ մեկ կամ մի քանի ամիս անց։
«Դժվար է ասել,թե քանի օգտահաշիվ է արգելափակվում։ Մարդը կարող է գրառում կատարել, բայց արգելափակվի երկու ամիս հետո։ Լինում են դեպքեր, երբ արգելափակվում են 5 տարի առաջ արված գրառման պատճառով։ Այն մարդիկ, որոնք այսօր կամ երեկ են գրառում արել Մոնթե Մելքոնյանի մասին, հնարավոր է ավելի ուշ արգելափակվեն, հնարավոր է նույնիսկ արգելափակում չլինի»,- ասաց Մարտիրոսյանը։
Այս խնդիրը լուծում չի ստանում։ Լուծման ճանապարհը՝ դիվանագիտական հարթակն է։ Հայաստանի իշխանությունները պետք է «Ֆեյսբուք»-ի հետ բանակցությունների միջոցով խնդրին լուծում տան։ Սակայն,արդեն մի քանի տարի է, սայլը տեղից չի շարժվում, հետևապես՝ ակնհայտ է, որ բանակցություններն անօգուտ են անցնում։
«Իմ տեղեկություններով՝ ԱԳՆ-ն որոշ բանակցություններ վարում է, բայց լուծում երբ կլինի կամ ընդհանրապես կլինի,թե՝ ոչ, դժվար է ասել։ Չի բացառվում, որ «Ֆեյսբուք»-ը ոչ մի լուծում էլ չտա։ Սա օդում կախված հարց է։ Նրանք այդ թեմայով ունեն սկզբունքային մոտեցում։ Գիտեք, արգելափակում են, քանի որ Մոնթեն կապ է ունեցել ԱՍԱԼԱ-ի հետ, իսկ ԱՍԱԼԱ-ն ԱՄՆ-ում պաշտոնապես ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Այս հիմքով էլ «Ֆեյսբուք»-ն արգելափակում է հաշիվները։ Հետևաբար, հնարավոր է,որ այս հարցը հնարավոր է ամբողջական լուծում այդպես էլ չստանա»,- եզրափակեց տեղեկատվական անվտանգության մասնագետը։
Ի դեպ, թեև Panorama.am-ը լրատվամիջոց է,սակայն երեկ Panorama.am-ի ֆեյսբուքյան էջն էլ ազգային հերոսի անունը հիշատակելու համար հայտնվել է վտանգի ներքո. ֆեյսբուքը սահմանափակել է նյութերի տարածումը, նվազեցրել դրանց հասանելիությունը։
Չհամաձայնելով որոշման հետ՝ Panorama.am-ը դիմել է ֆեյսբուքին.
«Panorama.am-ը լրատվամիջոց է. Այն ֆեյսբուքյան հարթակում լուրեր է տարածում։ Եթե ինչ-ինչ բաներ սոցցանցին դուր չեն գալիս, թող նախօրոք կամ հրապարակի այն ցանկը, որոնց մասին չի կարելի գրել՝ այդպիսով ոտնաձգություն անելով խոսքի ազատության դեմ, կամ նկատի ունենա, որ լուրերում կարող են հանդիպել բառեր, որոնք, չգիտես ինչու ֆեյսբուքի սրտով չեն, թեև ոչ բռնություն են քարոզում, ոչ էլ այլ ոչ իրավական բան»։
Հարակից հրապարակումներ`
- «Մոնթե Մելքոնյանը որևէ կապ չի ունեցել ամերիկյան հետախուզական մարմինների հետ»
- Կարեն Վրթանեսյան. Մոնթեի անունը հիշատակելու համար արգելափակումների խայտառակությանն այս իշխանությունը կարող է շատ արագ վերջ դնել
- Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
- Վաղը Մոնթեի ծննդյան օրն է․«Ֆեյսբուք»-ում արգելափակումների խնդիրը լուծված չէ
- «Փաստ». Ֆեյսբուքի առանձին օգտատերերի էջերի դիտողականության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան